‘Էթիկայի հանձնաժողովը չի նկատում Տարոն Մարգարյանի գծերը ‘

1021

Թրանսփարենսի ինթերնեյշնալ հակակոռուպցիոն կազմակերպությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, որ «բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը ԹԻՀԿ դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում հաստատել է եզրակացությունն այն մասին, որ ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելիս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  չի գտնվել շահերի բախման իրավիճակում»:

«Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն հուլիսի 26-ին դիմում էր ներկայացրել Հանձնաժողով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և դրանց վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համադրման, ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելու մասին որոշումը կայացնելիս անձնական բիզնես շահերով առաջնորդվելու, շահերի բախման իրավիճակում գտնվելու կամ նման ռիսկի առկայության, ինչպես նաև ներդրումները կառավարելիս պաշտոնական դիրքը և լիազորություններն օգտագործելու հնարավոր դեպքերը բացահայտելու  նպատակով՝ հղում անելով ԶԼՄ-ների հրապարակումներին:  Հանձնաժողովը գտել է, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված ապացույցները, այդ թվում՝ քաղաքապետի բացատրությունը, հիմք չեն տալիս եզրակացնելու, որ  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կամ նրան փոխկապակցված անձինք հանդիսանում են փոխադրումներ իրականացնելու լիզենցիա ունեցող կազմակերպություններից որևէ մեկի սեփականատեր կամ մասնակից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այն, որ էթիկայի հանձնաժողովը հենց այդպիսի եզրակացություն պիտի տար, թերեւս սպասելի էր: Առավել ուշագրավ է, սակայն, բացատրության այն հատվածը, որտեղ նշվում է, թե  «ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված ապացույցները, այդ թվում՝ քաղաքապետի բացատրությունը…»: Այսինքն, հանձնաժողովի անդամները, ըստ էության, կանչել են Տարոն Մարգարյանին ու հարցրել, թե բա պարոն Տարոն Մարգարյան, ասում են՝ դուք կամ ձեզ հետ փոխկապակցված անձինք գծատերեր եք, ճի՞շտ է: Տարոն Մարգարյանն էլ թե՝ չէ, ի՞նչ եք ասում, չկա նման բան: Այսքանով բացատրությունն ավարտվել է, էթիկայի հանձնաժողովն էլ տեղում եզրակացրել է, որ Տարոն Մարգարյանը գծատեր չէ:

Եւ սա այն դեպքում, երբ ապացույցները, որոնք հրապարկվել են մամուլում՝ ուղղակի բազմաթիվ են:

Ահա՝ Տարոն Մարգարյանը և իր աներձագը «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ի հիմնադիրներն են (փաստաթղթեր): 

Մեկ այլ ապացույց՝  Անդրանիկ Մարգարյան. Ես երթուղային գիծ չունեմ, բայց տղաս ունի (տեսանյութ)»:

Նախորդ հոդվածը‘Սրճարաններում ծխախոտ գովազդող բարետես աղջիկներ այլևս չեն շրջի’
Հաջորդ հոդվածը‘Ռուբիկ Հակոբյան. Չեմ կարծում, թե որևէ լուրջ բան է տեղի ունեցել’