‘Էթիկայի հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանին կփոխարինի Լյուդմիլա Սարգսյանը’

875

Գարնանային նստաշրջանից ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը կփոխարինվի Լյուդմիլա Սարգսյանով: Այսօր նման որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի է ունեցած ՀԱԿ խմբակցության նիստում:

Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` սա այս տարվա անդրանիկ նիստին էր, թեև նախորդ տարի ամեն հինգշաբթի խմբակցությունը միշտ գումարել է հերթական նիստ:

Նիստին ներկա են եղել ՀԱԿ բոլոր պատգամավորները, բացի Հրանտ Բագրատյանից: «Ամենայն հավանականությամբ նա զբաղվում է նախընտրական քարոզարշավով»,- ասաց պարոն Զուրաբյանը: Իսկ մեր այն հարցին, թե պարոն Բագրատյանն արդյոք այդ մասին տեղյակ պահել է խմբակցությանը: «Ոչ»,- պատասխանեց Լևոն Զուրաբյանի: Նա նաև տեղեկացրեց, որ խմբակցության նիստին բավականին լայն քննարկում է տեղի ունեցել ՀԱԿ օրենսդրական գործունեության ռազմավարության վերաբերյալ` ԱԺ քառօրյային կոնկրետ ինչ օրինագծեր են լինելու, ինչպես են կառուցելու այս նստաշրջանում իրենց գործունեությունը:

Խմբակցության նիստում նախագահի առաջիկա ընտրությունների վերաբերյալ որևէ անդրադարձ չի եղել: «ՀԱԿ-ը իր հայտարարությունն արել է, որ այս ֆարսին մենք չենք մասնակցում, սա ընտրություններ չեն, սա Սերժ Սարգսյանին ապօրինաբար նախագահ հռչակելու մի միջոցառում է: Ոչ մի ուժի չենք սատարում և չենք պաշտպանում»,- ընդգծեց Լևոն Զուրաբյանը:

Այն հարցին, թե արդյոք ընտրություններին մարդկանց ցածր մասնակցությունը կարող է ազդել ընտրությունների վրա, և դրանք համարվեն չկայացած, պարոն Զուրաբյանը նշեց. «Ես վստահ եմ, որ իշխանությունները կօգտագործեն ահաբեկման մի ամբողջ մեծանիզմ. նրանք հետազոտում են որ մարդն ինչ խոցելիություններ ունի` բանակում երեխա, դպրոցում աշակերտ, որի վրա կարող են ճնշել, ինչպես նաև` աշխատանքի հետ կապված հարցեր: Այս բոլորն օգտագործվում է մարդու վրա ճնշում գործածելու համար և նրան տեղամաս ուղարկելու համար, որ նա քվերակի հօգուտ Սերժ Սարգսյանի»:

Ըստ նրա` այս ամբողջ մեքենան օգատգործվելու է և հետևաբար, մասնակցության հետ որևէ խնդիր չի առաջանա. «Հենց ամբողջ խնդիրը դա է, որ ստեղծվել է կեղծիքի մի մեքենա, որը ես կկոչեի տոտալիտար մի համակարգ` մարդկանց վրա ազդելու, ճնշելու, բոլոր ադմինիստրատիվ լծակները կիրառելու, որ մարդկանց ստիպեն հակառակ իրենց սահմանադրական ազատությունների գործել հօգուտ այս իիշխանությունների»:

Նախորդ հոդվածը‘«Շախտյորը» հրաժարվեց Վիլիանին վաճառել «Անժիին»’
Հաջորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյանն այսօր ԱԺ-ում մասնակցել է ՀԱԿ խմբակցության նիստին’