‘Էթիկայի հանձնաժողովում փոփոխություններ կատարելու նախաձեռնության քննարկումն ԱԺ-ում բուռն կերպով շարունակվում է’

600

Էթիկայի հանձնաժողովում փոփոխություններ կատարելու ՀՀԿ-ական պատգամավորների նախաձեռնության քննարկումն ԱԺ-ում բուռն կերպով շարունակվում է: ԲՀԿ-ն դեմ է առաջարկվող փոփոխություններին և դեմ է քվեարկելու այդ նախագծին: «Նման փոփոխությունը հանձնաժողովը կդարձնի խորհրդարանի մինի մոդելի: Մեծամասնությունն ունենալու է գերակշռող ձայն, և որևէ խնդիր, որին մեծամասնությունը դեմ է, չի քննարկվելու»,- իր ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նկատեց, որ բերված հիմնավորումները բավարար չեն: Նա նշեց, որ ճիշտ կլիներ, որպեսզի նախագիծը ներկայացներ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը:

Իր ելույթում ՀԱԿ խմբակցության անդամ, Էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ՀՀԿ-ի արձագանքը 83 պատգամավորների նկատմամբ քննություն սկսելու մասին Էթիկայի հանձնաժողովի որոշմանը կայծակնային էր: Հիշեցնենք, որ այդ 83 պատգամավորներից 47-ը իշխանական կոալիցիայից են: «Կառավարությունն այսպիսով միջամտում է ԱԺ-ի ներքին կանոնակարգային հարցերի քննարկմանը, որովհետև, ինչպես հիմնական զեկուցողը նշեց, իրենք են կառավարությանը դիմել հարցը ԱԺ օրակարգ մտցնելու համար: Փաստորեն խորհրդարանական մեծամասնությունը տղա է բերել Էթիկայի հանձնաժողովի վրա, որովհետև իրեն այնքան էլ ապահով չի զգում Էթիկայի հանձնաժողովում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց, որ հարցը ԱԺ-ի որևէ հանձնաժողովում չի քննարկվել, հաղորդում է panarmenian.net-ը:

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը հորդորեց նախագիծը հանել քննարկումներից: Ըստ նրա` նախագիծը պետք է ներկայացներ այն պատգամավորը, ում իրավունքները, ըստ իրեն, ոտնահարվել են Էթիկայի հանձնաժողովի վերջին նիստում: Հովիկ Աբրահամյանն էլ հորդորեց Դավիթ Հարությունյանի վերաբերյալ հարցադրումներ չհնչեցնել, քանի որ նա ներկա չէ և չի կարող պատասխանել:

Բանն այն է, որ Էթիկայի հանձնաժողովում խորհրդարանական կոալիցիոն ուժերի` ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչները հայտնվել են փոքրամասնության կարգավիճակում, քանի որ ԱԺ Դաշնակցություն, «Ժառանգություն», ՀԱԿ և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները սովորաբար միակարծիք են լինում:

Գործող կանոնակարգ-օրենքով, հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Նախորդ հոդվածը‘Մաքսատանը մտածել էին, թե մեդալը «գռուզ» է, ու 47 000 դրամ էին պահանջել մաքսազերծման համար’
Հաջորդ հոդվածը‘Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական բժիշկը՝ Բժշկական համալսարանի նոր ռեկտոր ‘