‘Էլեկտրաէներգիան հուլիսի 7-ից կթանկանա 8 դրամով. ՀԾԿՀ’

1371

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ին որոշեց` բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը հուլիսի 7-ից կսահմանվի 38 դրամ/կՎտժ, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ/կՎտժ, հայտնում է «Սիվիլնեթը»:

Ըստ ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչություն պետ Գարեգին Բաղրամյանի` արտադրող կայանների սակագնի վերանայումը պայմանավորված է գազի գնի բարձրացմամբ, համակարգում աշխատավարձերի բարձրացումով, փոխարժեքային գործոնով և ատոմակայանի վառելիքի գների աճով։ Արդյունքում` վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է 8 դրամով կամ 27%-ով 1 կվտ/ժ համար:

«Էներգետիկ հաշվեկշիռը կազմելիս ընտրվել է օպտիմալ տարբերակը»,- ասաց Բաղրամյանը:

Հայաստանի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանն էլ նշեց, որ ատոմակայանն աշխատում է մաքսիմալ ռեժիմով և արտադրում է այնքան էլեկտրաէներգիա, որքան հնարավոր է: Նա նշեց, որ սակագնում հաշվի չի առնվել փոխարժեքային գործոնը, մինչդեռ բոլոր նյութերը ձեռք են բերվում դրսից:

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետներն արձանագրում են, որ ներկայիս սակագներով հնարավոր չէ ապահովել ատոմակայանի անվտանգությունը»,- նկատեց Մարկոսյանը` հավելելով, որ անվտանգության միջոցառումներն իրականացվում են ԱՄՆ-ի և Եվրամիության դոնորների միջոցով:

Ըստ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀէՑ) տնօրեն Եվգենի Բիբինի` էլեկտրաէներգիայի սակագնում վերադիրը (մարժա), սակայն, բավարար չէ ներդրումների իրականացման և ցանցերի նորոգման համար` հաշվի առնելով դրանց մաշվածության աստիճանը:

Նախորդ հոդվածը‘Սարգիս Ադամյանը միացել է ազգային հավաքականին’
Հաջորդ հոդվածը‘Սակագները բարձրացան’