‘Էլեկտրոնային երաժշտությունը և բիթբոքսը կբացեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնը’

793

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) հայտարարում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի մեկնարկի մասին՝ ներկայացնելով աննախադեպ բացման արարողություն-համերգ:

Սեպտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրվում է Երևանի պետական համալսարանի 95-ամյակին և անց է կացվում Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հովանու ներքո և Բրիտանական խորհրդի աջակցությամբ:

Միևնույն բեմում Երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան հանրահայտ դիջեյ Սուիչը/DJ Switch (Միացյալ Թագավորություն) և Բիթբոքսի հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանը: Հանդիսատեսին կներկայացվեն Գաբրիել Պրոկոֆևի ձայնարկչի և նվագախմբի համար կոնցերտը և Մայլս Հենքոքի ձայնարկչի, բիթբոքսերի եւ նվագախմբի կոնցերտը (համաշխարհային պրեմիերա):

Ի դեպ, դասական երաժշտության սիրահարը հնարավորություն կունենա հետևել Երիտասարդականի, մասնավորապես՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներոմ ներկայացվող բոլոր համերգներին՝ անկախ գտնվելու վայրից, պարտադիր պայման է միայն ինտերների հասանելիությունը: Սկսած հենց սեպտեմբերի 16-ից՝ յուրաքանչյուր համերգ հնարավոր կլինի դիտել առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ փառատոնի պաշտոնական կայքէջում՝ www.akhif.am, ինչպես նաև նվագախմբի պաշտոնական էջում ՝ www.syoa.tv:

 

Նախորդ հոդվածը‘Բունդեսլիգա. «Բայերը» և «Վերդերը» խաղաղ ելք են գրանցում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գորիսի քաղաքապետ. Բուդաղյանի սպանության մասին պետք չէ հիշել, անձնական դեպք է’