‘
Այսօր ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը այցելեց թիվ 1 համալսարանական հիվանդանոցում գտնվող ակտիվիստներ Հայկակ Արշամյանին և Սուրեն Սաղաթելյանին: Փոխանցում է zham.am-ը: Հիշեցնենք, որ վերջիններս երեկ երեկոյան ծեծի էին ենթարկվել մի խումբ անձանց կողմից:
Zham.am-ի հետ զրույցում Էլինար Վարդանյանը խիստ դատապարտել է կատարվածը, մասնավորապես նշելով. «Ես խստորեն դատապարտում եմ Հայկակ Արշամյանի և Սուրեն Սաղաթելյանի նկատմամբ կատարված ոճրագործությունը և իմ աջակցությունն եմ հայտնում նրանց: Ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում այդպիսի վայրագություններ: Ուզում եմ հավատալ, որ միջադեպը կապված չի եղել ակտիվիստների քաղաքական հայացքների հետ, հակառակ դեպքում դա կարող է վտանգավոր նախադեպ հանդիսանալ մարդու իրավունքների ոտնահարման համար: Ես ակնկալում եմ, որ Ոստիկանությունը կդրսևորի օպերատիվություն և կարճ ժամանակահատվածում հանցագործությունը կբացահայտվի: Միևնույն ժամանակ ես պատրաստակամություն եմ հայտնում խնդիրը պահել իմ և հանձնաժողովի մասնագետների ուշադրության կենտրոնում»:
‘