‘Էլինար Վարդանյան. ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը ակնհայտ խիստ է և համարժեք չէ կատարված արարքին ‘

1084

Որոշել եմ մասնակցել ակցիային, որովհետև այս դեպքում խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է: Ինչպես հաղորդում է ilur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր դատախազության շենքի առաջ «Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» նախաձեռնության կազմակերպված հերթական ուրբաթօրյա պիկետի ժամանակ iLur.am-ի թղթակցին ասել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: Նա հավելել է, որ ինքը, լինելով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, չէր կարող անտարբեր լինել այն դեպքում, երբ խախտվում են մարդու իրավունքները:

«ԲՀԿ խմբակցությունը բազմիցս նշել է, որ ակտիվիստների դատավճիռը ակնհայտ խիստ է և համարժեք չէ կատարված արարքին: Հույս ունեմ, որ վերադաս ատյանները կվերանայեն դատավճիռն ու կկայացնեն դատավճիռ՝ ելնելով պատժի համարժեքության սկզբունքից»,- նշել է նա:

Իր ելույթի ընթացքում Էլինար Վարդանյանն ասել է, որ ներկա է գտնվելու բոլոր այն միջոցառումներին, որոնք ուղղված կլինեն մարդու իրավուքների պաշտպանությանը, և կապ չունի, թե որ քաղաքական ուժի մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստներից Արտակ Կարապետյանը դատապարտվեց 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

Նախորդ հոդվածը‘Գուդկովին զրկեցին պատգամավորությունից’
Հաջորդ հոդվածը‘Պիկասոյի՝ վերջերս հայտնաբերված նկարը կարժենա 30 մլն դոլար’