‘Էլինար Վարդանյան. ՀՀ-ում Մարդու իրավունքների ոտնահարումը դարձել է ավանդույթ’

4457

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այս տարի ներկայացրել է բավականին համապարփակ զեկույց: Վերջին երկու տարիների ընթացքում արձանագրված խախտումների հիմնական մասը կրկնվում էր, ինչը նշանակում է, որ իրավունքների ոտնահարման հարցում Հայաստանում ոչինչ չի փոխվել: Այն հարցերը, որոնք տեղ են գտել զեկույցում, չեն քննարկվել պետական մարմինների կողմից, եւ չեն տրվել համապատասխան լուծումներ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ Մարդու իավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

Նրա խոսքով՝ վերջին զեկույցում նույնպես պատկերը չի փոխվել: «Պետք է նշեմ, որ զեկույցում տեղ գտած խախտումները գրեթե բոլոր ոլորտներում կրկնվում են, այդ խախտումները առկա էին եւ՛ 2011, եւ՛ 2012 թվականների զեկույցներում: Այս փաստը չի խոսում այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կարող էր անել ավելին, բայց չի արել. դա խոսում է այն մասին, որ ՀՀ-ում Մարդու իրավունքների ոտնահարումը դարձել է ավանդույթ եւ կրում է կարծրացած բնույթ: Մենք պարբերաբար հայտնում ենք մեր մտահոգությունները, իսկ այն մարմինները, որոնք պատասխանատու են այդ խախտումների վերացման համար, ոչինչ չեն ձեռնարկում: Ավելին՝ իրենց խոսքով իրենք ամեն ինչ անում են օրենքի շրջանակներում եւ այդ խախտումները իրենց ոլորտում չեն տեսնում»,- հայտարարեց Էլինար Վարդանյանը:

Նախորդ հոդվածը‘Նոյեմբերի 8-ին Հայաստանում մեկնարկում է մանկապատանեկան ֆիլմերի «Ռոլան» 10-րդ միջազգային փառատոնը’
Հաջորդ հոդվածը‘Ընդդիմության՝ ԱԺ ներկայացրած հայտարարության նախագիծը ‘