‘Էլինար Վարդանյան. Մենք պետք է տեր կանգնենք մեր իրավունքներին (տեսանյութ)’

1260

ԲՀԿ պատգամավոր, Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի ելույթը Ազատության հրապարակում:

 «Այսօր դեկտեմբերի տասն է՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: 1948 թվականին ճիշտ այս օրը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Թվում թե ավելի քան կես դար առաջ ընդունած այս փաստաթուղթը հիմնական ուղեցույց պետք է լիներ բոլոր զարգացած երկրների համար: Իսկ հիմա հարց. Արդյո՞ք Հայաստանի հանրապետությունում մարդու իրավունքները պաշտպանված են: Արդյո՞ք ձեր իրավունքները չեն ոտնահարվում: Արդյո՞ք ձեր իրավունքները չեն խախտվում: Արդյո՞ք ձեր խախտված իրավունքները վերականգնվում են: Թվում է թե պատասխանի կարիքն էլ չկար: Մարդու իրավունքների համատարած խախտում չէ՞ այն իրավիճակը, որ այսօր ստիպում է մեր բազմաթիվ հայրենակիցներին արտագաղթել մեր երկրից: Մարդու իրավունքների խախտում չէ՞, երբ հաշմանդամություն ունեցող անձը ստանում է 18 հազար դրամ և պետք է մի ամբողջ ամիս այդ 18 հազար դրամով գոյատևի: Մարդու իրավունքների խախտում չէ՞, որ նվազագույն աշխատավարձը կենսաապահովման նվազագույն զամբյուղին հասնելու միտում էլ չունի: Իրավունքի խախտում չէ՞, երբ թոշակառուի ստացած թոշակը նույնիսկ կոմունալ վճարներին չի բավարարում: Իրավունքի խախտում չէ՞, երբ երթևեկության խախտումների համար տուգանքներն ու տույժերը ավելի բարձր են, քան նվազագույն ամսական աշխատավարձն է: Իրավունքի խախտում չէ՞գործազրկության այն մակարդակը, որ այսօր կա մեր երկրում: Իրավունքի խախտում չէ՞ աղքատության այն շեմը, որ այսօր հատել է մեր երկիրը: Իրավունքի խախտում չէ՞,որ փոքր ու միջին ձեռնարկատերը ամեն օր կանգնած է օրվա հացը վաստակելու հնարավորությունից զրկվելու վտանգի առաջ: Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Իսկ ի՞նչ են անում զարգացած երկրներում իրավունքների խախտումների դեպքում: Դիմում եմ դատական մարմիններին: Որևէ մեկը այսօր վստահո՞ւմ է մեր իրավապահ մարմիններին: Որևէ մեկը վստահո՞ւմ է դատական համակարգին: Որևէ մեկը վստահո՞ւմ է կառավարման համակարգին: Ամենուրեք տիրում է ամենաթողության և արհամարանքի մթնոլորտ: Դուք բոլորդ դա ամեն օր զգում եք ձեր սեփական կյանքում: Այժմ ուզում եմ թվարկել Սահմանադրությամբ հռչակված մի քանի իրավունք: «Մարդու արժանապատվությունը, որպես նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք հարգվում և պաշտպանվում է պետության կողմից»,- ասվում է Սահմանադրության 14-րդ հոդվածում: Ավելի անարժանապատիվ կյանք, որով ապրում է այսօր մեր հասարակությունը դժվար է պատկերացնել և եթե որևէ մեկը կփորձի պնդել հակառակը, ուրեմն թող իր էլիտար բնակարանից, իր թանկարժեք սրճարանից բացի, Երևանի մեկ-երկու կենտրոնական փողոցներից բացի՝ գնա′ քաղաքի ծայրամասերը, գնա′ մարզեր, գնա′ գյուղեր: Այսպե՞ս է պետությունը հարգում մարդու արժանապատվությունը: Հաջորդ կարևոր դրույթը Սահմանադրության. «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև»: Դուք ձեզ հավասար զգո՞ւմ եք: Սրանից ավելի դեկլարատիվ, կյանքի չկոչված նորմ դժվար է պատկերացնել: Հաջորդ դրույթը. «Յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար»:

Սպիտակի երկրաշարժից  26 տարի է անցել: Մարդիկ դեռ ապրում են տնակային պայմաններում, իսկ պետության առաջին դեմքերը նույնիսկ հարկ չեն համարում դեկտեմբերի 7-ին այցելել աղետի գոտի: Սա՞ է այն կենսամակարդակը, որ ապահովում է պետությունը: Ահա այս պայմաններում խոսում են Սահմանադրության փոփոխությունների մասին: Հիմնավորումը մոտավորապես այսպիսինն է՝ բարեփոխված Սահմանադրության առանցքը լինելու է մարդը իր իրավունքներով: Ի՞նչ իրավունքների մասին են խոսում: Այն իրավունքների՞, որ քիչ առաջ թվարկեցի: Արդյո՞ք խնդիրը նրանում է, որ այդ իրավունքները Սահմանադրության մեջ այնքան էլ լավ ձևակերպված չեն, դրա համր էլ չեն պաշտպանվում, դրա համար էլ չեն հարգվում: Մարդիկ լավ էլ հասկանում են, որ Սահմանադրության փոփոխություններով իրենց իրավունքների պաշտպանության հարցում որևէ բան չի էլ փոխվելու և Սահմանադրության փոփոխությունները միայն վերարտադրության հարց են լուծելու:

Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք պետք է տեր կանգնենք մեր իրավունքներին: Մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքները, մենք պետք է համախմբվենք հանուն մեր վաղվա օրվա, հանուն արմատական փոփոխությունների, հանուն այն Հայաստանի, որտեղ մարդը, քաղաքացին կունենա արժանապատիվ ապրելու իրավունք և իր արժանապատվությունը որպես իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք կհարգվի և կպաշտպանվի պետության կողմից: Մեզանից է կախված ամեն ինչ»:

Նախորդ հոդվածը‘Հավաք-երթի մասնակիցների անունից ընդունված բանաձևը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ծեծի ընթացքում ազատամարտիկին հարցրել են՝ «դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես». Առավոտ ‘