‘
Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հայտարարել է, թե առևտրականների՝ շրջանառության հարկի մասին նոր օրենքի դեմ բողոքի ակցիաների համար մեղավոր են լրագրողներն ու ընդդիմությունը, որովհետև նրանք են ոտքի հանում մարդկանց:
«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. «Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե առևտրականները բողոքում են, որովհետև դժգոհ են նոր օրենքից: Պարզվում է՝ օրենքը կապ չունի, նրանք դժգոհ են, որովհետև լրագրողներն են նրանց հրահրում դժգոհ լինել: Եվ ընդհանրապես՝ ամեն ինչի համար էլ լրագրողներն են մեղավոր: Նրանք այնքան են «կռռում», որ տնտեսությունը չի աճում, Հայաստանը մտնում է ԵՏՄ, մարդիկ արտագաղթում են, Լիսկային մարզպետ են նշանակում, մի խոսքով՝ փորձանք փորձանքի հետևից:
Իսկ ընդհանուր առմամբ Բուռնաշն, իհարկե, իրավացի է: Տեսեք՝ Հյուսիսային Կորեայում, օրինակ, ոչ լրագրողներ կան, ոչ ընդդիմություն: Երբևէ տեսե՞լ եք, որ այնտեղ ինչ-որ մարդիկ ինչ-որ բանի դեմ բողոքեն: Իհարկե չեք տեսել, բոլորը գոհ են ու երջանիկ: Հետո՞ ինչ, որ տարեկան 30-40 հազար մարդ մեռնում է սովից, մի երկու այդքան էլ հայտնվում է բանտում՝ Առաջնորդի ճառը լսելիս չծափահարելու համար: Կարևորը՝ երկիրը կայուն է, բողոքի ակցիաներ էլ չկան»:
‘