‘Էլի խոսեց թվերով կամ մի տեսակ անտեղյակ եք, Սերժ Ազատիչ’

1198

Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման 5 տարիներին վերջապես մի հատ կիսաասուլիս հրավիրեց, և հուրախություն մեզ, իր խոսքում էլի թվեր ու ցուցանիշներ մեջբերեց: Առանց երկարացնելու ներկայացնենք նրա մեջբերած թվերն ու համեմատենք այն իրականության հետ:

«2012թ. արդյունքներով մեր տնտեսական աճը կազմել է 7,2 տոկոս…»: Շատ ճիշտ է ասում Սերժ Սարգսյանը: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, 2012-ին մեր տնտեսական աճը կազմել է ուղիղ 7.2 տոկոս: Բայց դա միայն ըստ ԱՎԾ-ի: Եթե Սերժ Սարգսյանը հավատում է իր մատնանշած թվին, ապա նա պետք է նաև հավատա, որ 469.6 միլիարդ դրամը ավելի մեծ է, քան 504.8 միլիարդ դրամը: Ինչի մասին է խոսքը: Որպեսզի ԱՎԾ-ն կարողանա Սերժ Սարգսյանին մատուցել 7.2 տոկոսանոց աճ, թվաբանության նոր կանոններ է մշակել: Գրել է, որ 2012 թվականին ՀՀ-ում իրականացվել է 469.6 մլրդ դրամի շինարարություն, որը 0.2 տոկոսով ավելին է, քան 2011 թվականի ցուցանիշը, որը եղել է 504.8 մլրդ դրամ: Եթե Սերժ Սարգսյանը հավատում է դրան, խնդիր չէ: Եթե Սերժ Սարգսյանը հավատում է, որ 2012 թվականի հունվարին Հայաստանում արտադրված կաթի ծավալը 70 տոկոսով ավելացել է 2011 թվականի հունվարի ցուցանիշից այն դեպքում, երբ կովերի քանակն ավելացել է 4 տոկոսով, ապա էլի խնդիր չէ, կարելի է հավատալ, որ Հայաստանում 7.2 տոկոս աճ է եղել: Նման դեպքերում կարելի է կիրառել դիվանագիտական ձևակերպումներ` ասել, որ Սերժ Սարգսյանին սխալ են զեկուցել մեր տնտեսական աճի ցուցանիշները: Նրան չեն տեղեկացրել, որ այդ 7.2 տոկոսանոց աճը պարզ տնտեսագիտական մեքենայություններով են ստացել` դեֆլյատոր-մեֆլյատոր իրար խառնելով: Իրականում, որպեսզի պարզենք թե տնտեսական ինչպիսի աճ ենք ունեցել, ընդամենը ՀՆԱ-ն հաշվարկենք դոլարով, և կտեսնենք, որ այն ոչ թե աճել է, այլ նվազել 1.9 տոկոսով:

Հիմա հաջորդ թվական տվյալը: «Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձի աճը գերազանցել է գնաճին»,- պնդում է Սերժ Սարգսյանը: Եւ իրոք, դա այդպես է, բայց ըստ ԱՎԾ-ի: Վերջինս, օրինակ այս տարվա հունվարին գնաճը հաշվարկել է 2.6 տոկոս, իսկ աշխատավարձի աճը` 4.5 տոկոս: Դե չանդրադառնանք նրան, թե ինչպես է ԱՎԾ-ն հաշվարկում գնաճը` դա նույնպես պարզ մեքենայությունների արդյունք է: Այդ մեքենայություններից խուսափելու համար կրկին վերածենք դոլարի ու կստացվի, որ Հայաստանում միջին աշխատավարձը անցած տարի այս ժամանակ եղել է 293 դոլար, հիմա`290 դոլար: Այլ կերպ ասած, միջին աշխատավարձը նվազել է:

Հաջորդ տվյալը. «Մենք խնդրին կարող ենք մոտենալ հետևյալ կերպ… աշխատատեղերի քանակն ավելանո՞ւմ է, թե՞ պակասում»,- հարցնում է Սերժ Սարգսյանը ասուլիսի ժամանակ, ակնարկելով, որ աշխատատեղերի քանակն ավելանում է: Տեսնես ո՞վ է նրան ասել, որ Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելանում է: Նույնիսկ հայկական տնտեսական հրաշք նկարող ԱՎԾ-ն նման պնդում չի անում: Նույնիսկ ԱՎԾ-ի տվյալներով` 2012 թվականին 2011 թվականի համեմատ աշխատատեղերը նվազել են մոտ 30 հազարով («ՀՀ սոցիալ տնտեսական վիճակը 2012թ. հունվար-դեկտեմբերին» զեկույց, էջ 79):

Էլի մի ցուցանիշ. «Քաջարանում ես հաղթել եմ ձայների շատ քիչ տարբերությամբ: Քաջարանում միջին աշխատավարձը 400 հազար դրամից ավելին է»,- ասում է Սերժ Սարգսյանը: Ստիպված ենք էլի թվաբանական գործողություններ կատարել: Եթե որևէ հիմնարկում, կամ քաղաքում 10 հոգի ստանում են 5 միլիոն դրամ աշխատավարձ, իսկ 100 հոգի` 100 հազար դրամ, ապա այդտեղ միջին աշխատավարձը կկազմի 545 հազար դրամ: Սա պարզ թվաբանություն է: Սերժ Սարգսյանին երևի ներկայացրել են, որ Քաջարանում բոլորն են ստանում 400 հազար դրամից ավելի աշխատավարձ:

Եւս մի թվական տվյալ ու պրծ: «Այսօր Հայաստանի Հանրապետությունը գազ է ներկրում երկու անգամ ավելի էժան գնով, քան Ուկրաինան ու Մոլդովան»,- պնդում է Սերժ Սարգսյանը: Մոլդովան գազը ստանում է 370-390 դոլարով, Ուկրաինան` 433 դոլարով` յուրաքանչյուր խորանարդ մետրը: Եթե Սերժ Սարգսյանը իրոք հավատում է իր էներգետիկայի նախարարին, որը ասում է, թե գազի գինը չի փոխվել և առաջվա պես 180 դոլար է, ապա Սերժ Սարգսյանը ճիշտ է ասում: Բայց իրական թվերը այդպիսին չեն: Ըստ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած թվերի, Հայաստանը վաղուց գազը ստանում է ավելի քան 250 դոլարով: Իսկ դպրոցական դասընթացներից մեզ հայտնի է, որ 250-ը ոչ 433-ից և ոչ էլ` առավել ևս 390-ից երկու անգամ քիչ չէ:

«Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ` այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ցանկացած կառավարություն կարող է ցանկացած երկրում այնպիսի «տնտեսական աճ» ապահովել, ինչպիսին «ապահովվել է» Հայաստանում: Դրանում ոչ մի դժվարություն չկա` ընդամենը պետք է թվեր նկարել: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում կառավարության հրաժարական չի լինելու: Սա էլ է պարզ թվաբանություն:

Հայկ Գևորգյան

«Հայկական ժամանակ»

Նախորդ հոդվածը‘Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀԱԿ ակտիվիստների գործը’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավորները Լիտվայի և Ֆրանսիայի օրենսդիրների առաջարկները ծափահարություններով ընդունեցին ‘