‘Էլի կերդվի ավելի գեղեցիկի խոստումներով. Մամուլ’

1146

Այսօր տեղի կունենա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը. նա հանդիսավոր կերպով պետք է երդվի ծառայել Երեւանի բարգավաճմանն ու գործել ի բարօրություն նրա բնակիչների, գրում է «Ժողովուրդը»:

Թե որքանով է Տարոն Մարգարյանը հավատարիմ եղել ու լինելու իր երդմանը, պարզ է դառնում նրա նախաձեռնություններից. նա, բացի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթից, պատրաստվում է ներկայացնել նաեւ մայրաքաղաքի մյուս հրապարակների վերակառուցման եւ զարգացման մրցույթներ:

Ամենայն հավանականությամբ՝ Տ. Մարգարյանը փորձելու է Երեւանի մյուս հրապարակների տակ եւս ավտոկանգառներ սարքել, ինչպես մտադրված է անել Հանրապետության հրապարակի դեպքում՝ ոչնչացնելով հրապարակի «գորգի տակի» 19-րդ դարի պարսկական ոճի կամարներով շինությունը:

Թերթը հիշեցնում է, որ 2003-ին Հանրապետության հրապարակի տակ հայտնաբերվեցին նաեւ 12-13-րդ դարերի լավ պահպանված քարե բեկորներ: Փաստորեն՝ Երեւանի քաղաքապետի համար բարձրագույն արժեքը մնում են ավտոտնակները, լավագույն դեպքում՝ ստորգետնյա ավտոկանգառները, այլ ոչ թե մշակութային ժառանգությունը: Թե էլ ինչպես պետք է ավելի լավ Երեւան կառուցի, այդպես էլ անհայտ է:

Նախորդ հոդվածը‘Ստացվում է, որ Երեւանի ավագանու անդամները մեխի գլուխ են. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ’