‘Էկվադորի լոնդոնյան դեսպանատանը գաղտնալսող սարք են հայտնաբերել’

655

Էկվադորցի դիվանագետները գաղտնալսող սարք են հայտնաբերել Լոնդոնի իրենց դեսպանատանը, փոխանցում է La Hora թերթի կայքը: Ինչպես հաղորդել է Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն՝ սարքը հայտնաբերվել է դեռևս հունիսի 16-ին, անվտանգության համակարգի սպասարկման աշխատանքներ կատարելիս: Այն գտնվել է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպան Անա Ալաբանի աշխատասենյակում: Սակայն այն ժամանակ դրա մասին չի բարձրաձայնվել, որպեսզի  հնարավոր սկանդալը չհամընկնի Պատինյոյի՝ Լոնդոն կատարած այցի հետ:

Մամլո ասուլիսում Պատինյոն խոստացել է մոտ ժամանակներս հայտնել, թե որ երկրի հատուկ ծառայություններն են տեղադրել գաղտնալսող սարքը՝ չմեկնաբանելով այն ենթադրությունները, թե դա ԱՄՆ գաղտնի օպերացիայի մի մասն է եղել: Բացի այդ՝ Էկվադորի ԱԳՆ ղեկավարը տեղեկացրել է, որ իր երկրի կառավարության էլեկտրոնային նամակագրությունը նույնպես «կոտրվել» է, ինչի արդյունքում մի շարք փաստաթղթերի արտահոսք է եղել ԶԼՄ-ներում: Պատինյոն ընդգծել է, որ դրանում ԶԼՄ-ներին չի կասկածում, սակայն այսուհետ կառավարությունն ավելի զգույշ կլինի մամուլին տեղեկատվություն հաղորդելիս:

Պատասխանելով WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին վերաբերող հարցին, որն ավելի քան մեկ տարի է՝ ապաստանել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, Պատինյոն նշել է, որ իրենց կառավարության դիրքորոշումը չի փոխվել այդ հարցում, և ավստրալացի Ասանժն իրենց որևէ անհարմարություն չի պատճառում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Զովունիում քամուց քշվել են տանիքների մետաղյա թիթեղները’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի փոխվարչապետը հրաժարվել է հրեաների հասցեին հնչեցրած մեղադրանքներից ‘