‘
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան առաջարկել է երկրի բոլոր տպագիր պարբերականները վերածել էլեկտրոնային ձևաչափի: Այս առաջարկը նախագահն արել է երկուշաբթի իր թվիթերյան միկրոբլոգում:
Ըստ Կորրեայի՝ դա անհրաժեշտ է անել՝ «թուղթը խնայելու և անվերահսկելի ծառահատումներից խուսափելու» նպատակով:
Նախագահի զգացմունքային արձագանքի պատճառ են հանդիսացել վերջերս ընդդիմադիր մամուլում հայտնված կոչերը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ՝ Յասունի ազգային պարկում նավթարդյունահանությունն արգելելու նպատակով, որովհետև այն հանգեցնելու է անտառահատման և բացասաբար է անդրադառնալու բնական այդ արգելավայրի էկոլոգիայի վրա: Այդ առնչությամբ ելույթ ունենալով՝ Կորրեան հանդես է եկել ի պաշտպանություն նավթարդյունահանման և որպես Ամոզոն գետի հովտի անտառները փրկելու այլընտրանք՝ առաջարկել է արգելել թղթի վրա թերթերի տպագրությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
‘