‘
Նյարդակաթվածահարող նյութը, որով անգլիական Սոլսբերի քաղաքից ոչ հեռու թունավորվել էր երկու մարդ, եղել է օծանելիքի սրվակում, պատմել է տուժածներից մեկի եղբայրը:
BBC-ին տված հարցազրույցում Մեթյու Ռոուլին պատմել է, որ իր եղբայր Չառլին, որը դեռ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, իրեն հայտնել է, որ ձեռք է տվել սրվակին, որից հետո ինքն ու իր ընկերուհին հայտնվել են հիվանդանոցում:
Լոնդոնի ոստիկանությունը, որը հետաքննում է այդ միջադեպը, չի մեկնաբանել Մեթյու Ռոուլիի ասածը: Ավելի վաղ ոստիկանությունն ընդամենը տեղեկացրել է, որ «Նովիչոկը» հայտնաբերվել է Չառլի Ռոուլիի բնակարանում՝ «մի փոքրիկ սրվակի մեջ»:
Չառլի Ռոուլին և նրա ընկերուհի Դոն Սթերջեսը «Նովիչոկ» նյարդակաթվածահարող նյութով թունավորվել են հունիսի 30-ին:
Հուլիսի 8-ին Սթերջեսը մահացավ: Դրանից հետո «սպանություն» հոդվածով գործ է հարուցվել:
Փոխանցում է BBC-ն:
‘