‘
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը մինչև սեպտեմբերի կեսերը հետաձգել է Երևան — Մոսկվա չվերթի իրականացումը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը, որը հիշեցնում է, որ առաջին չվերթը պետք է կատարվեր օգոստոսի 18-ին:
Բոլորովին վերջերս դեպի Ռուսաստանի մի շարք քաղաքներ չվերթներ կատարելու իրավունք ստացած ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը ռուսաստանյան լրատվամիջոցին ասել է, թե չվերթը հետաձգվում է տեխնիկական պատճառներով:
Ավիաընկերությունը լիզինգով առաջին օդանավն է ձեռք բերել՝ A-320 աէրոբուս, օդանավը ներկելու են «Էյր Արմենիա»-ի տարբերանշաններով: Սպասվում է, որ օգոստոսի 25-ին օդանավը անգար կհասցվի՝ ներկելու աշխատանքները սկսելու համար:
«Դժվարանում եմ ասել, թե դրա համար որքան ժամանակ կպահանջվի, բայց կարծում եմ՝ մեր առաջին թռիչքը դեպի «Վնուկովո» օդանավակայան կհետաձգվի երկու շաբաթով», — ասել է Ավետիսյանը:
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հուլիսի սկզբին «Էյր Արմենիա» ավիաընկերությանը լիցենզիա է տվել՝ չվերթներ կատարելու դեպի Մոսկվա, Սոչի, Սամարա, Ռոստով, Կրասնոդար և Սանկտ Պետերբուրգ: Մասնագետները սրանք եկամտաբեր, լավ ուղղություններ են համարում Հայաստանի համար:
«Էյր Արմենիա»-ն բոլոր այս ուղղություններով թռիչքները կատարելու է երկու աէրոբուսով: «Ինտերֆաքս»-ը հաղորդում է, որ երկրորդ օդանավը ավիաընկերությունը ձեռք կբերի աշնան սկզբին:
«Էյր Արմենիա»-ն նոր օդանավ չի գնում՝ երկու օդանավերն էլ ձեռք են բերվում լիզինգով, վարձի համար վճարվելու է 3 միլիոն 200 հազար դոլար: Թե որքանով են օգտագործված այս օդանավերը, որ թվականի արտադրության են՝ չի նշվում:
Այն բանից հետո, երբ Միխայիլ Բաղդասարովի «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրեց թռիչքները, Հայաստանի իշխանությունները հայտարարեցին ավիացիոն ոլորտը ազատականացնելու մտադրության մասին: Բայց, ինչպես երևում է, խոսքը չի վերաբերում արդեն կայացած արտասահմանյան հայտնի, խոշոր ավիաընկերություններին, որ նրանք մտնեին Հայաստանի ավիացիոն շուկա, չվերթներ իրականացնելու լիցենզիաներ ստանային: Ռուսաստանի վեց քաղաքների չվերթների լիցենզիան ստացավ «Էյր Արմենիա»-ն, որի հիմնադիրները բարձրաստիճան պաշտոնյայի ազգականներ են:
«Էյր Արմենիա»-ն հիմնադրվել է 2003 թվականի ապրիլին, հիմնադիրները Վահան Հարությունյանը և Ռուզաննա Թովմասյանն են:
Վահան Հարությունյանը երկար տարիներ բարձր պաշտոններ զբաղեցրած, այժմ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եղբայրն է:
Այս ավիաընկերությունը մինչ հիմա «Ан-12»-ով բեռնափոխադրումներ էր կատարում:
‘