‘Էներգետիկայի նախարարը հաստատել է, որ «ՀայՌուսգազարդում» «Գազպրոմի» մասնաբաժինը կդառնա 100 տոկոս ‘

569

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հավաստիացնում է, որ դեռևս որևէ գործարք չի կատարվել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ: «Որևիցե գործարք կատարված չէ, այս պահին բանակցություններ են ընթանում, բանակցությունների սեղանին դրված է 20 տոկոս բաժնետոմսեր տալ-չտալու հարցը, բայց բանակցությունների սեղանին դրված է ոչ միայն այդ հարցը, կան նաև այլ հարցեր»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Մովսիսյանը: Այս մասին հաղորդում է aravot.am-ը:

Հիշեցնենք, որ iLur.am-ը արդեն տեղեկացրել էր, որ ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Մոսկվայում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, հանդիպման ընթացքում խոսվել է «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում» ավելացնելու մասին՝ 80%-ից հասցնելով 100%-ի։

«Գազպրոմին» է պատկանում «ՀայՌուսգազարդի» 80%-ը, իսկ Հայաստանի կառավարությանը՝ 20%-ը։

Հարցին, թե ի՞նչ իմաստ ունի 20 տոկոսը հանձնել «Գազպրոմին», եթե հետո էլ ոչինչ չենք ունենալու և ռուսական կողմը այդ դեպքում կարող է ցանկացած գին թելադրել, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Խնդիրը այդպես չի դրված, որ ինչ ուզենան անեն, բանակցությունները հենց դրա համար են գնում, որ ինչ ուզեն, այն չանեն, այլ որպեսզի երկարատև ժամանակաշրջանի համար ավելի ապահոված գազամատակարարում մենք ունենանք»:

Նախարարը նշել է, որ ընթացիկ ամսվա վերջին բանակցությունները կավարտվեն, իսկ մինչ այդ ինքը ոչինչ չի կարող հայտնել:

Հիշեցնենք, որ այդ պայմանավորվածությունների մասին դեռ ամիսներ առաջ խորհրդարանական հայտարարությունների ժամին ահազանգեցին ՀԱԿ պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Լեւոն Զուրաբյանը`խոսելով գազի գնի թանկացման մասին: 

Նախորդ հոդվածը‘«ՀայՌուսգազարդ»-ում «Գազպրոմի» մասնաբաժնի ավելացման հարցը քննարկման փուլում է’
Հաջորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի. Մխիթարյանը կարող է դառնալ Անգլիայի Պրեմիեր-լիգայի լավագույն խաղացողը’