‘Էն գլխից խնդրում եմ՝ չքաղաքականացնե՜լ — «Հրապարակ»’

2302

«Հրապարակ» օրաթերթի սյունակագիր Հասմիկ Բաբաջանյանը գրում է.

«Քննադատելուն դեմ չեմ ու անում եմ, երբ հարկ է լինում: Բայց կա մի չափ, երբ քննադատությունը դառնում է տգեղ, ոչ էսթետիկ ու ընթերցողի համար առավել զզվելի է դառնում ոչ թե քննադատվողը, այլ քննադատողը: Հենց այդ չափի մասին եմ ուզում խոսել: Մարդը, երբ մարդու հետ հաց է կտրում, ճանապարհ անցնում ու ինչ- ինչ պատճառներով հեռանում են, միմյանց նկատմամբ մեծահոգի են լինում՝ հետը հաց եմ կտրել, ճանապարհ անցել: Եվ եթե ճանապարհ ես անցել, երկար ճանապարհ, ուրեմն նրա հետ ընդհանրություն ես ունեցել: Լևոն Տեր Պետրոսյանի պարագայում ուղղակի ցնցված եմ նրա նախկին շրջապատից: Էն գլխից խնդրում եմ՝ չքաղաքականացնե՜լ… Տեղից վեր կենողը, ով բարձրացել է Լևոնի շնորհիվ, մարդամեջ մտել, չի զլանում՝ մի դույլ ցեխ շպրտել նրա վրա: Կասեք՝ խոսքը ու՞մ մասին է: Ումը փոքր ցուցանիշ է, որովհետև մեր քաղաքական դաշտի համարյա բոլոր դեմքերը կապված են եղել Տեր Պետրոսյանի հետ: Ու այսօր նրանք՝ թաքուն, թե անթաքույց, մի մարդու նման ցեխադույլերն առել ու շպրտում են Առաջին նախագահի վրա: Ով ինչքան կարող է, ով ինչպես կարող է: Կարծես աներևույթ մեկը կա, ում առաջ իրենց նվիրվածությունն են ուզում ցույց տալ: Դադարեցրեք: Ես ու իմ նմանները, որ Լևոնի ժամանակ էլ, այսօր էլ նույն կարգավիճակն ունենք ու ոչ մեկի օրոք լավ չենք ապրել՝ այդ իրավունքն ունենք ասելու: Իսկ Լևոնի վրա ցեխաջուր շպրտողները, ովքեր Լևոնի, Ռոբերտի, Սերժի օրոք լավ եք ապրել, ձեններդ կտրեք ու տեղներդ նստեք: Դուք հաց ուտող և ուրացող մարդիկ եք, դուք հացի մեջ թքող մարդիկ եք, ովքեր բոլոր ժամանակներում նախորդ նախագահների քննադատներն են: Հենց դուք եք ստեղծում այն մթնոլորտը, որի մեջ հայտնվել ենք այսօր: Ես կուզեի, որ Առաջին նախագահը մի մեծ ավել ունենար ու բոլորին կարողանար սրբե՜ր ու թափե՜ր քաղաքական աղբանոցը: Այն տեղը, որտեղ կռացել ու նրանց վերցրել է: Թափեր այնտեղ, որտեղ արժանի են: Ու քավեր իր ողջ մեղքը հայ ժողովրդի առաջ՝ նրանց բերելու, մարդամեջ գցելու համար: Այսքանը, առանց քաղաքականության: ՀԳ Ասեմ նաև, որ շատ քննադատելը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, ապերախտներին առաջարկում եմ այդքան չտքնել: Ձեր նմանների քննադատությունը վկայում է քննադատվողի արժանիքի մասին»:

ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց կլինի 12 ժամ’
Հաջորդ հոդվածը‘Վաղվանից օդի ջերմաստիճանը կնվազի’