‘«Էպոսագետը» ասել է, թե երբ կհայտնվի ազատության մեջ’

1175

Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով մեղադրյալի աթոռին հայտնված էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատարանում չի խուսափում արձագանքել լրագրողների հարցերին։ Փոխանցում է Ա1+-ը:

«Ես մինչեւ դեպքը կատարվելը ասել եմ, որ ինձ ձերբակալելու են»,- նշեց նա։ Վարդան Սեդրակյանը հստակ գիտի, թե երբ է կրկին լինելու ազատության մեջ. «Դատավարության ավարտին»։ Իսկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր լրացուցիչ վկայի կարգավիճակով ցուցմունքներ էին տալիս փորձագետները։ Ցուցմունքները լսելուց հետո մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդեց ամբաստանյալների մեղադրանքի ծավալից հանել Պարույր Հայրիկյանին երկրորդ կրակոցով շոշափող վնասվածք պատճառելու հանգամանքը։

Նրա խոսքերով՝ կասկածներ առաջացան երկրորդ վնասվածքի հրազենային լինելու առնչությամբ, ուստի դրանք պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալների։ Դատարանը այս միջնորդությանը կանդրադառնա հետագայում։ Մինչ այդ մերժեց Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի միջնորդությունը՝ գործին  որպես ապացույց կցելու Պարույր Հայրիկյանի հիվանդության պատմությունը։ Գործի դատաքննությունն այսօր ավարտվեց։ Հաջորդ նիստին՝ հուլիսի 29-ին մեղադրող Արամ Ամիրզադյանը հանդես կգա մեղադրական ճառով։

  

Նախորդ հոդվածը‘Իտալական քաղաքի իշխանությունները գրեթե ողջ կազմով ձերբակալվել են’
Հաջորդ հոդվածը‘Կոտրված ծառն ընկել է ավտոմեքենաների վրա’