‘«Էպոսագետը» իրեն կալանավորելու որոշումը կբողոքարկի վճռաբեկ դատարանում’

675

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբանը վճռաբեկ բողոք կներկայացնի՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 18-ի որոշման դեմ: Այս մասին panarmenian.net-ը տեղեկացել է Ալեքսանդր Սիրունյանի իրավաբանական գրասենյակից: Որոշումը կայացվել է երեկ` Վարդան Սեդրակյանի հետ քննարկելուց հետո:

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը:

Վերաքննիչ դատարանի այս որոշումը դեռ չեն ստացել, ուստի վճռաբեկ բողոք բերելու ճշգրիտ ժամկետները հայտնի չեն: Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանին մարտի 5-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրա սպանությունը պատվիրելու համար և նույն օրը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Ավելի վաղ, Ալեքսանդր Սիրունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

Հարգելի ընկերներ, պարզաբանում ենք նաև, թե ինչ պատճառաբանություն է բերվել քրեական հետապնդման մարմինների կողմից այն հարցադրման կապակցությամբ, որ Վարդան Սեդրակյանի կալանավորմամբ խախտվել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 87 հոդվածը:

Քրեական հետապնման մարմինների կարծիքով, Ընտրական օրենսգրքի 87 հոդվածի իմաստով այս քրեական գործի համատեքստում Հանրապետության Նախագահի թեկնածու են հանդիսացել միայն Րաֆֆի Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանը: Այդ պատճառաբանությունը գտնում ենք անհիմն, քանի որ.

1) Ընտրական օրենսգրքի 87 հոդվածը գրված է շատ պարզ և դրանում հակասություններ չկան:

2) Եթե, այնուհանդերձ, Ընտրական օրենսգրքի 87 հոդվածը պետք է մեկնաբանվի դրանում հակասությունների առկայության առումով, ապա «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 24 հոդվածի 7-րդ մասի համաձայն հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը:

Նախորդ հոդվածը‘Դեղին համարանիշներով երթևեկող վարորդներին որպես փոխհատուցում մեկ տարի ազատել հարկերից’
Հաջորդ հոդվածը‘ Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ)’