Հարավաֆրիկյան Էսվատինի (նախկին Սվազիլենդ) թագավորությունում բռնկված անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասնում է 40-ի, ասվում է «Սվազիլենդի համերաշխության ցանց» ժողովրդամետ կազմակերպության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Էսվատինիում ցույցեր են սկսվել ընդդեմ միապետության և հանուն դեմոկրատացման։ Ցույցերը վերաճել են անկարգությունների, որոնց մասնակիցները հրկիզել են խանութներ ու հիմնարկներ, որոնք, ենթադրաբար, պատկանել են Մսվատի III թագավորին: Այդ ամենի ֆոնին իշխանությունները պարետային ժամ են սահմանել։
«Հաստատվել է, որ Մսվատի արքայի հրամանով կատարված կոտորածի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ Շեշտվում է նաև, որ զոհվածների մեծ մասը «գնդակահարվել է պարետային ժամը պարզապես խախտելու համար», ինչը, կազմակերպության համոզմամբ՝ «մարդկության դեմ ակնհայտ հանցագործություն է»։
Մսվատի III արքան Աֆրիկայի վերջին բացարձակ միապետն է։ Նա այդ երկիրը ղեկավարում է ավելի քան երեք տասնամյակ։
Փոխանցում է ria.ru-ն։