‘«Էս մեկը կարող է լինել ուժեղ ընդդիմադիր շարժման կառուցման վերջին հնարավորությունը»’

2498

Հրանտ Տեր-Աբրահամյանը Ֆեյսբուքում գրում է.

Հանրահավաքից հետո ավելի պարզ դարձավ, թե ինչ մարտավարությամբ է պատկերացնում միացյալ ընդդիմությունը հասնել իր նպատակին (անցյալ միտինգից որոշ հարցեր մնացել էին): Հատկապես ԲՀԿ ներկայացուցիչների ելույթներում շեշտվեց շարժման առավել ծավալման, տարածման, տեղական մակարդակում կազմակերպվելու նպատակը: Սրա տրամաբանությունը պարզ է, թեև էլի ինչ-որ հարցերի և մեկնաբանությունների տեղ թողնում է (պատասխանները երևի ավելի պարզ կդառնան, երբ հռչակված նպատակը սկսի իրականացվել): Տրամաբանությունն այն իմաստով է պարզ, որ, այո՛, որքան ավելի անցնցում և խաղաղ ճանապարհով ես ուզում հասնել փոփոխության, այնքան ավելի լայն մոբիլիզացիայի պետք է հասնես, այնքան ավելի զանգվածային և տեղական մասշտաբում կազմակերպված պիտի լինի շարժումը:

Պարզ են և սրա ռիսկերը.

1. ժամանակն անվերջ չես կարող ձգել, մանավանդ՝ վճռական նպատակներ հայտարարելուց հետո (էս շեշտադրումը հարթակից էլ հնչեցվեց, ինչը կարևոր էր):  

2. Պարզ չի, թե ծավալվելու որքա՞ն ռեսուրս ունի ընդդիմությունը: Կարծում եմ՝ անալոգիաները 88 թվի հետ այնքան էլ տեղին և իրատեսական չեն:

3. Կարևոր է, որ էս տակտիկան իրականացնելիս չափը պահպանվի՝ այն իմաստով, որ ծավալումը, տեղական կազմակերպումն իմաստ ունեն միայն ուժեղ կենտրոնի առկայության դեպքում, իսկ ուժեղ կենտրոնը մնում է Ազատության Հրապարակը: Պերիֆերիան չի կարող փոխարինել կենտրոնը, և Բռնակոթ գյուղից հեղափոխությունը չի սկսվի: Նաև չարժի չափից ավելի արվել տարբեր «կրեատիվ»-ներով՝ աշխարհում, կարծես, հայտնի է խաղաղ իշխանափոխության միայն մեկ տեխնոլոգիա՝ երանգները մի կողմ թողած:

4. Հասարակության կառուցվածքն այսօր օբյեկտիվորեն այնպիսին է, որ տեղական ինքնակազմակերպումը հնարավոր է միայն սահմանափակ չափով՝ չկան կամ քիչ են խոշոր ու համեմատաբար ինքնավար հիմնարկություններ, տնտեսապես անկախ մարդիկ և խմբերը նույնպես շատ չեն և այլն: Սա պետք է հաշվի առնել: …..

Մի բան էլ պետք է հիշենք՝ առանց չափազանցության, էս մեկը կարող է լինել Հայաստանում ուժեղ ընդդիմադիր շարժման կառուցման վերջին հնարավորությունը: Բռնազբոսիկ բան չեմ ասում, այլ հաշվի եմ առնում այն, որ Հայաստանում այլևս չկա համեմատաբար ինքնավար, քիչ թե շատ ռեսուրս ունեցող, ընդ որում՝ ներքին ռեսուրս ունեցող ուժ կամ անհատ (ռեսուրսի մեջ հաշվում եմ ե՛ւ նյութականը, ե՛ւ հոգեբանականը՝ հեղինակություն և այլն, ե՛ւ կազմակերպչականը): Իսկ սա, մի կողմից՝ կարող է թելադրել առավել զգուշավոր գործելակերպ, մյուս կողմից էլ, հակառակը՝ փորձեր դնելու հնարավորության բացակայություն նշանակել: Մեկ սխալը կարող է երկրի համար ճակատագրական դառնալ: Այո՛, չնայած չեմ սիրում նման բացարձակ պնդումներ, բայց ուժեղ ընդդիմություն կառուցելու շանս մենք իրոք կարող ենք շատ-շատ երկար չունենալ, և այդ ժամանակ երբ մեկն ասի՝ որ էդ կետում էլ անշրջելի հանգրվանի հասանք, նեղանալը չի օգնի ոչ մեկին: 

Նախորդ հոդվածը‘Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Այսօր հոկտեմբերի 27-ի ողբերգության 15-րդ տարելիցն է’