‘
Բոլիվիայի գործող նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցները և նրա «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունը սկսել են կիրակի կայացած նախագահական ընտրություններում իրենց թեկնածուի հաղթանակի տոնակատարությունները: Նախնական տվյալներով՝ Մորալեսը, որը պատմության ընթացքում երկրի ղեկին Բոլիվիայի բնիկ ժողովրդի առաջին ներկայացուցիչն է, արդեն երրորդ անգամ անընդմեջ զբաղեցնելու է երկրի նախագահի պաշտոնը, ստացել է ընտրողների 61 %-ի քվեն:
«Դա վեճ էր երկու մոդելների՝ ազգայնացման և սեփականաշնորհման միջև, և ազգայնացումը հաղթեց»,- հայտարարել է Մորալեսը, որն ազգայնացրել է բոլիվիական արդյունաբերության հիմնական ճյուղերը՝ նավթը և գազը: Նա մեծ հաջողությունների է հասել աղքատության դեմ պայքարում, սակայն հաճախ քննադատության է արժանացել կոռուպցիայի հարցում նույնպիսի հաջողություններ չգրանցելու համար:
Միջազգային դիտորդների գնահատմամբ՝ Բոլիվիայում ընտրություններն անցել են առանց լուրջ միջադեպերի:
Էվո Մորալեսին հաղթանակի առթիվ արդեն շնորհավորել են Լատինական Ամերիկայի երկրների առաջնորդները՝ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիտան, Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան: Վերջինս, մասնավորապես, նշել է, թե Մորալեսի հաղթանակը Լատինական Ամերիկայի ազատագրման գործընթացի շարունակությունն է: Փոխանցում է BBC-ն:
‘