‘
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Իրաքյան Քուրդիստանը երկուշաբթի անցկացված հանրաքվեից հետո անկախություն հռչակի, ապա նրա բնակիչներին սովահարություն է սպառնում:
Էրդողանը Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանիին մեղադրել է «ուխտադրժության» մեջ, ինչը, թուրք նախագահի կարծիքով՝ դրսևորվել է նրանում, որ չնայած միջազգային հանրության առարկությանը՝ նա քվեարկությունն անցկացրել է:
Էրդողանը շեշտել է, որ Բարզանին պետք է ետ կանգնի այդ արկածախնդրությունից:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը սպառնացել էր, որ Անկարան կարող է փակել այն խողովակաշարը, որն Իրաքյան Քուրդիստանի տարածքից նավթ է տեղափոխում Ջեյհան: Նա նաև հայտարարել էր, որ Անկարան կարող է թույլ չտալ իրաքյան նավթ տեղափոխող բեռնատարներին անցնելու Թուրքիայի սահմանով:
Թուրքիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն անջատական տրամադրություններ կհրահրի Թուրքիայի քրդերի շրջանում:
Փոխանցում է BBC-ն:
‘