Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում և հարևան Սիրիայում այդ աստիճանի ավերիչ երկրաշարժին նախապատրաստվել հնարավոր չէր։
Ըստ BBC-ի՝ երկու երկրներում զոհերի թիվն արդեն անցել է 15 հազարից։
Էրդողանի քննադատների կարծիքով՝ իշխանությունները աղետին արձագանքել են չափազանց դանդաղ և դրան շատ վատ են նախապատրաստված եղել։
Թուրքիայի նախագահն ընդունել է, որ «որոշ խնդիրներ» են եղել, սակայն հիմա ամեն ինչ վերահսկողության տակ է։
Թուրքիայում ամենամեծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն համաձայն չէ նրա հետ։ «Եթե կա մեկը, որը սրա համար պատասխանատու է, ապա դա Էրդողանն է»,- շեշտել է նա։
Էրդողանը հայտարարել է, որ ներկա պայմաններում անհրաժեշտ է միասնական լինել, այլ ոչ թե փոխադարձ մեղադրանքներ ուղղել։
«Նման իրավիճակում ես չեմ կարող հանդուրժել, որ ինչ-որ մեկը իր քաղաքական շահերից ելնելով զբաղվի ինքնագովազդով»,- հայտարարել է Էրդողանը, որին հաճախ ավտորիտար հակումներ ունենալու մեղադրանքներ են ներկայացվում։
Փոխանցում է BBC-ն։