‘Էրդողանը կրկին կոչ է արել Ցեղասպանության հարցը թողնել պատմաբաններին’

700

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ կոչ է արել ստեղծել պատմաբանների հանձնաժողով` Հայոց ցեղասպանության հարցն ուսումնասիրելու համար: Էրդողանն ընդսմին հայկական սփյուռքին մեղադրել է այն բանի համար, որ նա «խուսափում է բանակցություններից և հրահրում առճակատում»: Էրդողանի խոսքով, սփյուռքը զբաղվում է միայն այն բանով, որ տարբեր երկրների խորհրդարաններին ստիպում է որոշումներ կայացնել Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: «Քարտեզի վրա Հայաստանի տեղը չեն կարող ցույց տալ, սակայն կայացնում են Հայաստանի վերաբերյալ որոշումներ», — հայտարարել է նա: Էրդողանը կարծում է, որ այդ հարցը պետք է լուծեն միայն պատմաբանները, քանզի Անկարան չի կարող Ցեղասպանությունը ճանաչել «ինչ-որ մեկի պատվերով»:

«Եթե հայկական կողմը տրամադրված է անկեղծ, ապա եկեք պատմաբաններին թույլ տանք զբաղվել այդ հարցով, մեզ ներկայացնել համապատասխան զեկույցներ, իսկ մենք` քաղաքական գործիչներս, դրանք կքննարկենք: Եվ եթե պարզվի, որ թուրքական պետությունը հանցագործություն է կատարել, ապա մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ: Մեր արխիվները բաց են` ի տարբերություն  հայկական արխիվների: Եթե կան երրորդ երկրներ, որոնք առնչվում են այդ հարցին, ապա նրանք էլ կարող են բացել իրենց արխիվները: Մենք հարգանքով կվերաբերվենք պատմաբանների պատրաստած զեկույցներին», — հայտարարել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ 2015  թվականի ապրիլի 24-ին նշվելու է 1915-1923 թթ. Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որի ընթացքում բնաջնջվել է 1,5 մլն հայ: Պաշտոնական Անկարան համառորեն հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, որը տարբեր ձևերով ճանաչել են աշխարհի 24 երկրներ:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ երկու երկրների միջև 330 կմ ձգվող սահմանը փակ է 1993 թվականից ի վեր` Անկարայի նախաձեռնությամբ: Երկու երկրների միջև առկա խնդիրները պայմանավորված են Թուրքիայի կողմից Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշմանն աջակցությամբ և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Անկարայի հիվանդագին հակազդեցությամբ: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Մանր եւ միջին ձեռներեցները կրկին կառավարության դիմաց են (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Australian Open. Նովակ Ջոկովիչը դուրս եկավ եզրափակիչ’