‘
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ սեպտեմբերի վերջին նախատեսված իր այցը Գերմանիա դրական ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների զարգացման վրա: Այդ մասին նա թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ինքնաթիռում, Ադրբեջանից վերադառնալու ճանապարհին:
Էրդողանի խոսքով՝ ինքը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի և կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում զգացել է Անկարայի և Բեռլինի միջև հարաբերությունների որոշակի ջերմացում:
Էրդողանի պաշտոնական այցը Գերմանիա նախատեսված է սեպտեմբերի 27-29-ը: Ենթադրվում է, որ նա կայցելի նաև Քյոլն, և բացառված չէ, որ ուզենա ելույթ ունենալ հայրենակիցների առաջ: Նախկինում տեղական իշխանությունները Անկարայի ներկայացուցիչներին արգելել էին նման ելույթներ ունենալ, ինչն էլ քննադատության առիթ էր դարձել:
Հարաբերությունների սառեցման ֆոնին Գերմանիայի հասարակությունը և ընդդիմությունը քննադատել են Էրդողանին ընդունելու՝ Բեռլինի ծրագիրը:
Փոխանցում է tass.ru-ն:
‘