Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԱԳՆ-ին հանձնարարել է անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի ու ևս յոթ երկրների դեպաններին, որոնք կոչ են արել ազատ արձակել իրավապաշտպան և բարեգործ Օսման Կավալային։
«Ես անհրաժեշտ հանձնարարականներն եմ տվել մեր արտաքին գործերի նախարարին և ասել եմ, թե ինչ է պետք անել․ այդ տասը դեսպանները պետք է անհապաղ անցանկալի անձ հայտարարվեն, արագ լուծիր այդ հարցը»,- Էրդողանի խոսքն են փոխանցում աշխարհի լրատվամիջոցները, որ նա ասել է շաբաթ օրը Էսկիշեհիր քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում։
ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Նոր Զելանդիայի դեսպանները հոկտեմբերի 18-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են արել ազատ արձակել բարեգործ և իրավապաշտպան Օսման Կավալային։ Դրանից անմիջապես հետո նրանք կանչվել են Թուրքիայի ԱԳՆ։
64-ամյա Օսման Կավալան թուրք գործարար և իրավապաշտպան է, որը բազում մշակութային և իրավապաշտպանական միջոցառումներ է ֆինանսավորել իր երկրում և մասնակցել է դրանց աշխատանքներին։ Նա, մասնավորապես, աշխատանքներ է տարել Թուրքիայում հայ և քուրդ փոքրամասնությունների հետ թուրք մեծամասնության հաշտեցման ուղղությամբ։
2017 թ․ Կավալան ձերբակալվել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում 2013 թ․ բողոքի ցույցեր կազմակերպելու և 2016-ին հեղաշրջման փորձին մասնակցության մեղադրանքներով։
2013 թ․ ցույցերում թուրքական դատախազությունը տեսել է նաև ամերիկացի միլիարդատեր և բարեգործ Ջորջ Սորոսի ձեռքը, որին աշխարհի շատ բռնապետներ սիրում են մեղադրել իրենց դեմ դավադրություններ կազմակերպելու մեջ։
Սորոսի մասին հանրահավաքում հիշել է նաև Էրդողանը։
«Կավալա անունով մարդը Թուրքիայում Սորոսի մասնաճյուղն է։ Տասը դեսպաններ նրա համար խնդրագիր են ներկայացնում արտաքին գործերի նախարարություն։ Ինչպիսի՜ անամոթություն»
Փոխանցում է BBC-ն։
