‘Էրդողանը վիրավորվել է, երբ իրեն «հայ» են անվանել’

970

Թուրքիայի վարչապետ, Թուրքիայի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իր քաղաքական գործունեության ընթացքում լրատվամիջոցներում բազմիցս իր նկատմամբ վիրավորական հարձակումներ են եղել:

«Ինչ ասես, որ ինձ չեն անվանել: Ասում էին, թե ես իբր վրացի եմ, ավելին, ասում էին թե ես, ներողություն, հայ եմ: Աշխարհում ոչ մի քաղաքական գործիչ իր հասցեին այնքան վիրավորանքներ չէր հանդուրժի, որքան ես եմ հանդուրժել: Բայց ես համբերատար եմ: Թող ամեն մեկն իրեն կոչի այնպես, ինչպես ուզում է, բայց ես թուրք եմ»,- ըստ Today’s Zaman-ի, հայտարարել է Էրդողանը:

Թուրքական պարբերականը նշում է, որ վարչապետի այս հերթական ռասիստական հայտարարությունը սոցիալական ցանցերում դժգոհության ալիք է բարձրացրել: Ավելի վաղ նա «ներողություն է խնդրել» «հույն» բառն արտաբերելուց առաջ:

Էրդողանի այս վերջին հայտարարության առիթը իր գլխավոր հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ հնչեցրած «քննադատութունն» է այն մասին, թե իբր Քըլըչդարօղլուն ալեւի է: Էրդողանը հպարտությամբ հայտարարել է, որ ինքը սուննի մուսուլման է եւ կոչ է արել իր հակառակորդին՝ խոստովանել, որ ալեւի է: 

Նախորդ հոդվածը‘Երևան-Գյումրի ճանապարհին տղամարդու դի է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի դիվերսանտները կդատապարտվեն` Լեռնային Ղարաբաղի օրենսդրությանը համապատասխան ‘