‘Էրդողանի հակառակորդները հավաք են կազմակերպել Ստամբուլի կենտրոնում’

724

«Համերաշխություն Թաքսիմին» կազմակերպությունն այսօր, տեղական ժամանակով՝ երեկոյան ժամը 19.00-ին,  իր համակիրների հավաք է հայտարարել Գեզի պուրակում, հայտնում է Hurriyet թերթը: Ակտիվիստները և Ստամբուլի սովորական քաղաքացիները մտադիր են ցույց տալ, որ հրապարակի ուժային զավթումը, ինչն արել են ոստիկանության հատուկ նշանակության ուժերն այսօր առավոտյան, ամենևին էլ իշխանությունների հաղթանակը չէ, և պուրակի համար պայքարը շարունակվելու է:

Ցուցարարների պահանջներն այժմ երեքն են՝ Գեզի պուրակի անձեռնմխելիության երաշխիքներ տալ, ազատ արձակել նախորդ բախումների ժամանակ ձերբակալված անձանց, ինչպես նաև՝ պատասխանատվության ենթարկել ցուցարարների դեմ անհարկի դաժանություն դրսևորած ոստիկաններին:

Սակայն իշխանություններն առայժմ զիջումների գնալու պատրաստակամություն չեն դրսևորում: Հունիսի 11-ի ցերեկը Ստամբուլի գլխավոր դատարանում ոստիկանությունը ձերբակալել է 50-ից ավելի իրավաբանների, ովքեր այնտեղ էին եկել ցուցարարներին աջակցելու նպատակով: Ականատեսների վկայությամբ՝ ձերբակալությունը կատարվել է կոպտորեն, մասնավորապես՝ իրավաբաններին տապալել են գետնին: Ոստիկանական բաժանմունքի մոտ, ուր տարվել են ձերբակալված իրավաբանները, հավաքվել են նրանց հարյուրավոր գործընկերները և պահանջում են ազատ արձակել նրանց, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘«Իր համար արյուն թափելը հոբբի է» — Սուրիկ Խաչատրյանի հին արարքների նոր բացահայտումներ’
Հաջորդ հոդվածը‘Ստյոպա Սաֆարյանը պահանջում է բյուջե վերադարձնել «Տարոն Մարգարյանի նողկալի գովազդ-գովքի» վրա ծախսված պետական միջոցները’