‘Էրդողանի պալատը Թուրքիայի վրա կրկնակի թանկ կնստի’

1044

Թուրք պաշտոնյաների հաշվարկով՝ հազար սենյականոց նոր պալատը, որ կառուցվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, գանձարանի վրա կնստի 615 մլն դոլար, այսինքն՝ կրկնակի թանկ, քան նախապես ենթադրվում էր:

Ակ Սարայը կամ Սպիտակ տունը՝ ավելի քան 150 հազար քմ մակերեսով, կառուցվել է Անկարայի արվարձանում՝ անտառածածկ բլրի կատարին:

Էրդողանը, որի Արդարության և զարգացման կուսակցությունը թուրքական քաղաքականության մեջ գերիշխում է արդեն տասը տարուց ավելի, պալատը բացել է օգոստոսի 30-ին, երբ դարձավ նախագահ: Մինչ այդ նրա նստավայրն Անկարայի Չանկայա՝ ավելի համեստ պալատում էր, որը նա փոխանցել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:

Ակ Սարայն իր չափերով գերազանցում է Վաշինգտոնի Սպիտակ տանը, Մոսկվայի Կրեմլին և նույնիսկ Վերսալին: Մարմարյա շքեղ միջանցքներով ու սրահներով պալատը հագեցված է ժամանակակից էլեկտրոնային համակարգերով, որոնք բացառում են գաղտնալսումը:

Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմետ Շիմշեկի խոսքով՝ շինարարության ծախսերի մեծ մասը վճարված է, մնացած 135 մլն դոլարը ներառված է եկող տարվա բյուջեում: Շիմշեկը նաև հիշեցրել է, որ ևս 185 մլն դոլար կծախսվի նախագահական Airbus A330-200 ինքնաթիռի վրա:

Շրջակա միջավայրի պաշտպանները բազմիցս քննադատել են Էրդողանին այն բանի համար, որ նա պետական հսկայական միջոցներ է ծախսում՝ ի հաշիվ կանաչ գոտիների իրականացվող շինարարական նախագծերի վրա: Ինչպես նշում է թուրքական Hurriyet-ը, նոր պալատի շինարարության ընթացքում հարյուրավոր ծառեր են հատվել այն արգելոցում, որը «ազգին է ժառանգել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օբաման և հանրապետականները խոստանում են երկխոսություն սկսել’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը սահմանափակում է գովազդի ձայնը ռադիոյում և հեռուստատեսությունում ‘