‘
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը գլխավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնակալության արարողությանը մասնակցող պատվիրակությունը, որը կայանալու է այսօր՝ հուլիսի 9-ին, Անկարայում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Էրդողանի անձնական հրավերով՝ արարողությանը հրավիրված է նաև ՌԼԴԿ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
Արարողությանը ներկա կլինեն ավելի քան քսան երկրների առաջնորդներ:
Էրդողանը նոր ժամկետում ընտրվել է երկու շաբաթ առաջ: Արտահերթ ընտրություններից հետո ուժի մեջ են մտել Սահմանադրական փոփոխությունների հիմնական դրույթները: Սահմանադրությունը, մասնավորապես, լուծարում է վարչապետի պաշտոնը. այժմ իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացված կլինի նախագահի ձեռքում: Նա կարող է նշանակել բարձրաստիճան պաշտոնյաներին, լուծարել խորհրդարանը և արտակարգ դրություն հայտարարել: Ընդդիմության կարծիքով՝ այդ փոփոխությունները տանում են Թուրքիայում բռնապետության հաստատմանը:
2016 թվականից երկիրը գտնվում է արտակարգ դրության մեջ՝ կապված պետական հեղաշրջման փորձը տապալելու հետ: Դրա արդյունքում ավելի քան 100 հազար պետական ծառայողներ և զինվորականներ ազատվել են աշխատանքից, մոտավորապես 50 հազար մարդ ձերբակալվել է:
Պաշտոնակալության արարողության նախօրեին Թուրքիայում սկսվել է զանգվածային հեռացումների հերթական ալիքը: Աշխատանքից զրկվել է պետական կառույցների ավելի քան 18 հազար աշխատակից, որոնք կասկածվել են պետական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ:
Փոխանցում է euronews-ը:
‘