Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արևմուտքի երկրներին մեղադրել է մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վրա ազդելու փորձերի համար։
«Եվրոպայից մինչև Ամերիկա՝ աշխարհի տերությունները ակտիվ ջանքեր են գործադրում, որպեսզի ազդեն մայիսի 14-ի ընտրությունների վրա։ Այդ նպատակով իմ դեմ ստոր արշավ է ընթանում։ Եվ Ղուրանի այրման հետ կապված միջադեպերը Եվրոպայում հենց այդ մասին են»,- հայտարարել է նա կիրակի օրը Այդին քաղաքում երիտասարդության հետ հանդիպմանը։ Նախագահի խոսքը մեջբերել է TRT հեռուստաալիքը։
Էրդողանը նշել է, որ «արևմտյան մամուլը շատ է գրում, թե Թուրքիայում ընտրությունները որքան կարևոր են համաշխարհային քաղաքականության համար», այդ պատճառով էլ «ակտիվ ջանքեր են գործադրվում քվեարկության և հասարակական կարծիքի վրա ազդելու ուղղությամբ, ինչին Թուրքիան ուշադիր հետևում է»։
Փոխանցում է tass.ru-ն։