‘Էրեբունի-Երեւան տոնակատարության ժամանակացույցը’

1473

Էրեբունի-Երեւանի 2794-ամյակին նվիրված տոնակատարությունն այս տարի անցկացվելու է «Իմ սրտի մայրաքաղաք» խորագրի ներքո: Տոնական միջոցառումների մեկնարկը նախատեսված է հոկտեմբերի 9-ից, իսկ գլխավոր միջոցառումները հոկտեմբերի 14-ին են: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ի միջոցառումները կմեկնարկեն առավոտյան ժամը 10:00-ին` Երեւանի փողոցների ջրցան մեքենաների շքերթով, այնուհետ նախատեսվում է քաղաքի հուշարձանների լվացում: Էրեբունի արգելոց-թանգարանին հարող հրապարակում ժամը 12:00-12:30 նախատեսված է թատերականացված ներկայացում, որին կհաջորդի հանդիսության մասնակիցների բեմականացված քայլերթ` թանգարանից դեպի Հանրապետության հրապարակ:

Ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում «Անգլիական այգում» կգործի մանկական բեմ, որտեղ կլինեն տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, որոնք կվարեն ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ եւ հեքիաթային հերոսներ: Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկում նախատեսված է Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն, Բիենալե` Ֆրանսիայի հրապարակում, Հյուսիսային պողոտայում կանցկացվեն «Սթրիթբոլ»-ի մրցումներ, կլինեն թատերական, կրկեսային եւ պոեզիայի բեմեր: Նախատեսված է նաեւ Մարաթոնյան վազք, հեծանվավազք, ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ: Աշխարհի ազգերի բեմ` Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթները կատարումներով հանդես կգան  «Անգլիական այգում», Սունդուկյան անվան ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ, Տարբեր երաժշտական ճաշակ ունեցողների համար կլինեն ռոք, ջազ, դասական եւ ազգային երաժշտության համերգներ:

Գլխավոր միջոցառման գլխավոր մասը Հանրապետության հրապարակում է. երեկոյան մայրաքաղաքի սրտում կանցկացվի Գալա համերգ եւ կլինի տոնական հրավառություն, այնուհետ` նաեւ դիսկոտեկ:

Միջոցառումների անցկացման համար կհատկացվի 90 մլն դրամ: Տոնակատարությունն անխափան անցկացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին Երևանի Փոքր կենտրոնում մեքենաների հոսքը  08:30-ից կդադարեցվի, իսկ Երեւանի մետրոպոլիտենն այդ օրը կգործի մինչև 01:00-ն:

Նախորդ հոդվածը‘Անկարան և Դամասկոսը պատրաստ են ուղիղ կապ հաստատել’
Հաջորդ հոդվածը‘Ովքեր են քաղբանտարկյալները ‘