ՈւԵՖԱ-ի նախագահի մրցանակին այս տարի կարժանանան Եվրո-2020-ի ժամանակ Դանիայի հավաքականի եւ «Ինտերի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի կյանքը փրկած բժիշկները եւ Դանիայի հավաքականի ավագ, «Միլանի» պաշտպան Սիմոն Կյաերը,-հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Նրանք Եվրո-2020-ի իսկական հերոսներն են։ Ինձ համար իսկապես մեծ պատիվ է ՈւԵՖԱ-ի նախագահի մրցանակը հանձնել նրանց։ Այս տարի մրցանակը դուրս է գալիս ֆուտբոլի սահմաններից։ Սա կարեւոր եւ հավերժ հիշեցում է, թե ինչքան թանկ է մարդկային կյանքը։
Ես հիացած եմ բժշկական անձնակազմով, նրանց պրոֆեսիոնալ արձագանքով ու հանգստությամբ։ Շնորհակալ եմ առաջատարի օրինակելի որակների եւ ահռելի խիզախության համար Դանիայի հավաքականի ավագ Սիմոն Կյաերին։
Լավագույն մաղթանքներս Կրիստիան Էրիկսենին եւ նրա ընտանիքին։ Նա դեռ շարունակում է առողջացումը»,- ասել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրի հանդիպման ժամանակ Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը և մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել հիվանդանոց: Նրա սիրտը մի քանի վայրկյան կանգ էր առել: Էրիկսենի կրծքավանդակում տեղադրվել է կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր, որը կանխում է կյանքին սպառնացող սրտային առիթմիաները եւ սրտի կանգը։