Էրիկ Շամամյան. Հռչակագրի բովանդակությունը ներկա իրադարձությունների հետ նույնացնելը աննորմալ է

495

Էրիկ Շամամյանը Ֆեյսբուքում գրել է.

«Անկախության հռչակագիրը պետության ստեղծման հիմնական վկայությունն է, որը անկախ հետագա իրադարձությունների ընթացքից՝ աննորմալ է ենթարկել գրաքննության:

Հայաստանի իշխանությունները սկսել են արշավ Անկախության Հռչակագրի նկատմամբ, պատճառաբանելով, որ դրա բովանդակությունը կոնֆլիկտածին է և չի համապատասխանում ներկայիս իրավիճակին: Հարց՝ և՞:

ԱՄՆ-ն ընդունել է իր Անկախության Հռչակագիրը 250 տարի առաջ, որի բովանդակությունը կոշտ քննադատություն է Ջորջ III կայսեր գաղութային քաղաքականության նկատմամբ:

Մասնավորապես, տեքստի մեջ գրված է՝

«The history of the present King of Great Britain is a history of repeated injuries and usurpations…»,

ինչը թարգմանաբար նշանակում է՝

«Մեծ Բրիտանիայի ներկայիս թագավորի պատմությունը կրկնվող վնասների և յուրացումների պատմություն է»:

իսկ վերջին պարբերությունը ասում է՝

«all political connection between them and the State of Great Britain, is and ought to be totally dissolved(նրանց և Մեծ Բրիտանիայի պետության միջև բոլոր քաղաքական կապերը պետք է ամբողջությամբ խզվեն)»:

Այսօր Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն սերտ դաշնակից պետություններ են և հիմնադիր անդամները ՆԱՏՕ-ի: Երբևիցէ որևէ հանրապետական կամ դեմոկրատ առաջնորդի մտքով չի անցել, որ ԱՄՆ-ի Անկախության Հռչակագիրը կարող է կոնֆլիկտի պատճառ դառնալ ՄԹ-ի հետ հարաբերություններում:

Հաջորդ օրինակը Ֆիլիպինների Անկախության Հռչակագիրն է: Այն ընդունվել է 128 տարի առաջ՝ 1898-ին, և հստակ արձանագրում է, որ Իսպանիայի հետ բոլոր քաղաքական կապերը պետք է չեղարկվեն(«all political ties between them and the Government of Spain … should be completely severed and annulled(նրանց և Իսպանիայի կառավարության միջև բոլոր քաղաքական կապերը պետք է ամբողջությամբ խզվեն և չեղյալ հայտարարվեն»։)

Այսօր Ֆիլիպինների և իրենց նախկին գաղութատեր պետության՝ Իսպանիայի միջև հաստատված են նոռմալ դիվանագիտական հարաբերություններ, իսկ անկախության հռչակագրի բովանդակությունը, որը մերժում է քաղաքական կապերը Իսպանիայի հետ, երբևիցե կոնֆլիկտի պատճառ չեն դարձել պետությունների հարաբերություններում:

Հունգարիայի անկախության հռչակագիրը հայհոյանք է Հաբսբուրգների տոհմի դեմ, որը վաղուց մնացել է պատմական անցյալում:

Օրինակները բազմաթիվ են, որ հռչակագրերի բովանդակությունը ներկա իրադարձությունների հետ աննորմալ է նույնացնելը: Դա կնշանակի, որ պետությունները պետք է ունենան ոչ թե մեկ, այլ հարյուրավոր անկախության հռչակագրեր:

Ուստի ծննդականը մեկն է, և ոչ մի իշխանություն, լինի ՀԿԿ-ն թե ՔՊ-ն, որևէ իրավունք չունի ձեռք տալու մեր պետության ծննդականին կամ հղումը հեռացնելու Սահմանադրությունից:

Մանավանդ, որ ի տարբերություն մնացած դեպքերի, մեր Անկախության Հռչակագիրը ընդունվել է համազգային սիրո ու հպարտության մթնոլորտում՝ շնորհիվ ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած շաբաթներով քննարկումների, որի արդյունքում բոլոր կողմերը հասան կոնսենսուսի:

Շնորհակալություն հայտնելով նրան այդ մեծ քաղաքական կամքի ու ճկունության համար, շնորհավորում եմ Անկախության Հռչակագրի 36-րդ ամյակը»։

Նախորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյան. Այսպես կոչված հակառուսական տրամադրությունների մասին, որոնք բորբոքվում են Ղարաբաղյան շարժման միտինգներում (19 օգոստոսի, 1988 թ.)
Հաջորդ հոդվածըՀարութ Ուլոյան. Արձանագրում պատմության համար