‘
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Թբիլիսիում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ պատասխանել է Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության լրագրողի՝ Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ հարցին:
«Պարոն նախարար, Ձեր դիրքորոշումը Խոջալուի օդանավակայանի բացման վերաբերյալ. չէ՞ որ դա անօրինական քայլ է Հայաստանի կողմից: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ»,- հարցին ի պատասխան Նալբանդյանը հայտարարել է, թե «գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն Լեռնային Ղարաբաղի` Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ» եւ որ «այդ հայտարարությունը կոչ է անում կողմերին չքաղաքականացնել օդանավակայանի բացման հարցը»: «Ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբևէ չեն քաղաքականացրել և որևիցե մտադրություն չունեն քաղաքականացնելու այդ հարցը: Ադրբեջանը իր ամենօրյա հայտարարություններով քաղաքականացնում է այն, ուստի խախտում է բոլոր պարտավորությունները, որ ստանձնել է համանախագահների առաջ: Երկրորդ, համանախագահները կոչ են արել չկիրառել ուժ կամ ուժի սպառնալիք քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ: Ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ղարաբաղը երբևիցե չեն սպառնացել ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ: Ադրբեջանը սպառնացել և շարունակաբար սպառնում է ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ` խախտելով համանախագահների առաջ այդ հարցի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները: Դուք գիտեք, որ համանախագահները նաև նշել էին, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը չպետք է կանխորոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը երբևէ չեն կապել Ստեփանակերտի օդանավակայանի բացումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, այդ թվում նաև` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ»,- հայտարարել է Նալբանդյանը:
Նա նաեւ հավելել է, թե «բազմիցս Հայաստանում, ի միջի այլոց Լեռնային Ղարաբաղում նույնպես, ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացումը հետապնդում է միայն հումանիտար և քաղաքացիական նպատակներ»:
«Հարկավոր է իրերին նայել այնպես, ինչպես դրանք կան, և չսրել իրավիճակը հայտարարություններով, որոնք հակասում են համապատասխան միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով արտահայտվող միջազգային հանրության մոտեցումներին»,- ասել է Նալբանդյանը։
Հիշեցնենք, որ Էդվարդ Նալբանդյանը երեկ մեկնել է Վրաստան, որտեղ հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հետ:
‘