Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երրորդ մրցումային օրը պայքարը կսկսեն Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։
2023թ. Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը կմեկնարկի 1/16 եզրափակիչից՝ մրցելով Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի հետ։
Սերգեյ Սարգսյանը որակավորման փուլում ուժերը կչափի շվեյցարացի Սամուել Շերերի հետ։
Սեպտեմբերի 18-ին մրցագորգ դուրս կգա նաև Արսեն Հարությունյանը (57 կգ), որը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի ու օլիմպիական ուղեգրի համար։ Նրան քառորդ եզրափակիչում հաղթած ճապոնացի Ռեյ Հիգուչին նվաճել է եզրափակիչի ուղեգիր՝ հայ ըմբիշին հնարավորություն տալով անցկացնել սփոփիչ գոտեմարտ։ Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը սեպտեմբերի 17-ին պայքարը սկսել էր որակավորման փուլից և, հաղթելով ուկրաինացի Կամիլ Կերիմովին (14-3), իտալացի Սիմոնե Պիրոդուին (14-2) ու մակեդոնացի Վլադիմիր Եգորովին (11-0), դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ լարված պայքարում 14-16 հաշվով պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն, 2016թ․ օլիմպիական փոխչեմպիոն Ռեյ Հիգուչիին։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն առայժմ մեկ մեդալ է նվաճել ԱԱ-ում։ Սեպտեմբերի 17-ին բրոնզե մեդալակիր էր դարձել Արման Անդրեասյանը (70 կգ)։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) պարտվել էին ու ավարտել ելույթները։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը: