‘
Aravot.am-ը տեզեկացնում է, որ Հայաստանի հունահռոմեական ըմբիշները Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում գերազանց մեկնարկ են ցույց տվել:
Կարեն Ասլանյանը (60 կգ) եւ Կարապետ Չալյանը (74 կգ), հաղթելով բոլոր մրցակիցներին, նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը: Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Կարապետ Չալյանը միմյանց ետեւից պարտության մատնելով ալժիրցի Աբդելկրիմ Ուակլիին՝ 7:0 (բացահայտ առավելություն առաջին մրցափուլում), սերբ Վիկտոր Նեմեսին՝ 3:1, մոլդովացի Պետրու Սեւչյուկին՝ 11:3 (բացահայտ առավելություն առաջին մրցափուլում), ռուսաստանցի Բեքհան Օզդոեւին՝ 8:4, եզրափակչում 3:0 չոր հաշվով առավելության հասավ նաեւ ուկրաինացի Անդրեյ Անտոնյուկի նկատմամբ ու Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ավելացրեց նաեւ աշխարհի ոսկին:
Պայքարը գերազանց սկսեց ու հրաշալի ոճով տրամաբանական ավարտին հասցրեց 60 կգ քաշային Կարեն Ասլանյանը, որը կիսաեզրափակչում 7:2 հաշվով հաղթելով ադրբեջանցի Էլման Մուխտարովին, վճռորոշ գոտեմարտում բացահայտ առավելությամբ՝ 7:0, հաղթեց նաեւ թուրք Բասար Էնեսին ու նվաճեց աշխարհի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը: Իսկ մինչ այդ, հայ ըմբիշը պայքարից դուրս էր թողել ռուսաստանցի Արթուր Սուլեյմանովին՝ 4:1, ռումինացի Միհալ Միհուտին՝ 11:2 (բացահայտ առավելություն առաջին մրցափուլում) եւ ամերիկացի Հայդեն Դանիել Թումային՝ 8:6:
‘