‘«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնությունը պահանջում է անցկացնել հանրաքվե ‘

1357

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնությունը պահանջում է կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգը հանրապետությունում ներդնելու կապակցությամբ անցկացնել հանրաքվե: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը:

Նա գտնում է նաև, որ երկրի քաղաքացիների 99%-ը դեմ է կենսաթոշակային բարեփոխումներին, քանի որ մյուս երկրների փորձը ցույց է տալիս, որ սկզբնական փուլում կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվում է կամավոր, իսկ դրանցի հետո նոր` պարտադիր սկզբունքով, իսկ այն երկրներում, որոնցում համակարգն սկզբից ներդրվել է պարտադիր հիմքերով, առաջացել են պրոբլեմներ: «Մարդկանց փաստացի աշխատավարձը կրճատվելու է 6,6-13%-ով, մարդիկ իբր թե 20-30 տարի հետո թոշակ կստանան, որն անհայտ է, թե ոնց են ստանալու, որովհետև մենք ունենք բազում օրինակներ, երբ մարդկանց փողերն ուղղակի կորել են»,- ասել է Հայկ Ավետիսյանը` որպես օրինակ նշելով ԽՍՀՄ փլուզումից հետո մարդկանց «գումարների փոշիացումը»:

Իր հերթին, նախաձեռնության մյուս անդամը` Հարություն Ասլամազյանը հայտարարել է, որ օրենքում սահմանված պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է: Օրենքի պարտադիրության սկզբունքը խախտում է Սահմանադրության 8 հոդվածով ամրագրված անձի սեփականության իրավունքը, 31 հոդվածով ամրագրված անձի ազատությունը և 14.1 հոդվածով ամրագրված խտրականության դեմ արգելքի մասին դրույթները: Ինչպես նաև սահմանադրության անցումային դրույթներով ասվում է, որ սոցիալական վիճակը չի կարող վատանալ բարեփոխումներից հետո: Սահմանադրությամբ սահմանվում է, նաև որ քաղաքացու կողմից իրականացրած վճարների տնօրինումը պետությունը պարտավոր է վերցնել իր վրա, իսկ տվյալ օրենքով այդ ֆոնդերի տնօրինումը տրվելու է մասնավոր կազմակերպություններին:

Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը Հայաստանում կներդրվի 2014 թվականի հունվարի 1-ից: Հիշեցնենք, որ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից համակարգը կդառնա պարտադիր: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: «Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին» օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել):

Հիշեցնենք նաեւ, որ անցած ուրբաթ ԱԺ չորս խմբակցություններ՝ նշված հարցով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել, որը տապալվել էր իշխող մեծամասնության՝ ՀՀԿ-ի բոյկոտի պատճառով: 

Նախորդ հոդվածը‘Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը`ռուբլու գոտի մտնել չի՞ ենթադրում ‘
Հաջորդ հոդվածը‘«Լիսկայի գործով» քննիչը բոլոր նյութերը կտրամադրի դատարանին’