Ինչպես նշել էինք նախորդ հրապարակումներից մեկում, մեր կայքը ամենեւին ոչ քաղաքական, այլ բացառապես ուսուցողական նկատառումով, հատկապես երիտասարդ սերնդի համար, որոշել է հրապարակել ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարեւորագույն ելույթները, հոդվածները եւ հարցազրույցները, ինչպես նաեւ նրա վերաբերյալ հայ եւ օտար պետական գործիչների, քաղաքագետների, մտավորականների եւ լրագրողների գնահատականները։ Դրա անհրաժեշտությունը թելադրված է մեր երկրի անկախության շրջանի պատմության կեղծարարության չդադարող եւ նույնիսկ ավելի թափ հավաքող երեւույթով։
ILur
Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ.
- Սրբությամբ կատարել Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորի առաջնահերթ պարտականությունը.
- գործել բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակում.
- առաջնորդվել ժողովրդավարության եւ համամարդկային արժեքների գերակայության գիտակցությամբ.
- ջանք չխնայել երկրի խաղաղությունը, քաղաքական կայունությունը եւ քաղաքացիական համերաշխությունը ապահովելու ուղղությամբ.
- մշտական հոգածության առարկա դարձնել ժողովրդի բարեկեցության բարձրացման, սոցիալական վիճակի բարելավման խնդիրները.
- չկորցնել զգոնությունը, իրականության զգացողությունը, պատասխանատվության գիտակցությունը.
- հեռու մնալ արկածախնդրությունից, անիրատես ծրագրերից ու շուտափույթ որոշումներից.
- մերժել ծայրահեղականությունը, ամբոխավարությունը, ամբոխահաճությունը եւ սին խոստումները.
- ժողովրդին զերծ պահել ահաբեկչության, թմրամոլության, ավազակության վտանգներից.
- բարձրացնել ազգի բարոյական ոգին, ամրապնդել ու խորացնել նրա հավատը սեփական ուժերի նկատմամբ.
- պետականությունը վեր դասել ազգային ու քաղաքական բոլոր գաղափարներից, գիտակցել պատասխանատվությունը համայն հայության առջեւ։
Այսքանն ի պաշտոնե, մնացյալը՝ զուտ մարդկային առումով.
- որեւէ քայլով չարատավորել ազգի պատիվը, չդիպչել մարդու արժանապատվությանը.
- հարգել այլակարծությունը, բայց նաեւ տեր կանգնել սեփական կարծիք ունենալու իրավունքին.
- պահպանել լսելու եւ խորհրդակցելու ունակությունը.
- չհավակնել դատավորի դերի, խուսափել անիմաստ բանավեճերից ու շատախոսությունից.
- չընկրկել դժվարությունների առջեւ, չշփոթվել անորոշ կացություններում.
- տուրք չտալ պատեհապաշտության եւ էժանագին քաղաքական շահադիտության.
- մերժել՝ թե՛ ազգային սնապարծությունն ու գերազանցությունը, թե՛ օտարամոլությունն ու աշխարհաքաղաքացիությունը.
- ատել բռնությունը, սպառնալիքը, սադրանքը, դավադրությունը.
- չհանդուրժել սուտը, կեղծիքը, բամբասանքը, մատնությունը, զրպարտությունը, անօրենությունը.
- արհամարհել պերճանքը, ընչասիրությունը, ցոփությունը.
- վանել փառասիրությունը, գոռոզամտությունը, հոխորտանքը.
- օտարել քծնանքը, շողոքորթությունը, երեսպաշտությունը.
- ոչինչ չանել շնորհակալության, երախտագիտության կամ հատուցման ակնկալիքով։
Լեւոն Տեր-Պետրոսյան, Ընտրանի, Երեւան, 2006, էջ 545—546:
(շարունակելի)
