‘«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաշխարհային ֆորումի հայտարարության ամբողջական տեքստը’

1388

‘

Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած էսթեր Մուջավայոն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում ընթերցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաշխարհային ֆորումի հայտարարությունը:

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաշխարհային ֆորումի հայտարարության ամբողջական տեքստը.

«Ցեղասպանություն հանցագործության համաշխարհային ֆորումը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության, հույների, ասորիների ցեղասպանությունների, Հոլոքոստի, ինչպես նաև Ռուանդայի, Կամբոջայի, Դարֆուրի ցեղասպանությունների ու մարդկության դեմ մյուս հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին:

Վկայակոչելով Միավորված ազգերի կազմակերպության խարտիան, Մարդու իրավուքների համընդհանուր հռչակագիրը, ՄԱԿ-ի` Ցեղասպանություն հանցագործության կանխման և դատապարտման կոնվենցիան,

Մտահոգվելով, որ չնայած գոյություն ունեցող համապատասխան միջազգային կանխարգելման մեխանիզմներին` ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դեպքերը կրկնվում են,

Մտահոգվելով վերջին շրջանում աշխարհի տարբեր տարածաշրջաններում բռնությունների, ծայրահեղականության և ահաբեկչության անհանգստացնող չափերի հասնող տարածվածությամբ, որոնք անմիջականորեն սպառնում են ազգային և տարածաշրջանային փոքրամասնություններին,

Հաշվի առնելով միջազգային իրավունքում ցեղասպանության քրեականացնող դրույթների ստեղծումը և զարգացումը,

Քննարկելով ցեղասպանություն հանցագործության անպատժելիության, անհատական և պետական պատասխանատվության, այդ հանցագործության հետևանքներին արձագանքման պատշաճ միջոցառումների  հարցերը,

Նշելով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դեմ համաշխարհային պայքարի կարևորությունը,

Ընդգծելով տարբեր կառավարությունների, խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության դերակատարությունը ցեղասպանության կանխարգելման և համապատասխան մեխանիզմների մշակման գործում,

Ընդունում է, որ ցեղասպանությունն անդառնալի հետևանքներ կրող խոշորագույն հանցագործություն է և բոլոր պետություններին կոչ է անում իրենց առավելագույն ներդրումն ունենալ ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների ամրապնդման գործում:

Վերահաստատում է, որ ցեղասպանության կանխարգելման հիմնական մեխանիզմները մնում են Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում գործող մեխանիզմները և ողջունում 2015 թ. մարտի 27-ին ընդունված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի «Ցեղասպանության կանխարգելում» վերտառությամբ բանաձևը:

Ընդգծում է, որ ցեղասպանության կանխարգելումը կախված է մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունից, հանդուրժողականության և ոչ խտրականության մշակույթի ամրությունից:

Ճանաչում է, որ ժխտումը, հատկապես պետական մակարդակով, անընդունելի է և շեշտում, որ ցեղասպանությունների ժամանակին դատապարտումը և դրանց հետևանքներին արդյունավետ անդրադարձը կարող է կարևոր գործիք դառնալ կանխարգելման և հաշտեցման համար:  

Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունների նախօրեին միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել շարունակական ջանքերին` ուղղված դրա միջազգային ճանաչմանը»:

 

‘

Նախորդ հոդվածը‘Սարկոզի. Հայոց Ցեղասպանության ժխտումը վիրավորանք է եւ սպառնալիք’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի պրեմիեր լիգա. Խաղեր, որոնք պետք է անպայման դիտել’