‘
Հուլիսի 26-ին Թունիսում բոլոր ավիաուղերթները կասեցվել են գործադուլի պատճառով, հաղորդում է Reuters-ը: Թունիսի մայրաքաղաքի օդանավակայանի աշխատակազմն այդպես է արձագանքել համընդհանուր գործադուլ հայտարարելու՝ երկրի խոշորագույն արհմիության կոչին: Բողոքի ակցիաները ծայր են առել ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Մոհամեդ ալ-Բրահմիի սպանությունից հետո, ինչը կատարվել է հուլիսի 25-ի ցերեկը:
Ալ-Բրահմիի սպանությունը (անհայտ անձինք նրա վրա 11 կրակոց են արձակել) երկրում զանգվածային հուզումների ալիք է բարձրացրել: Մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել, որպեսզի նրանց ետ մղի ներքին գործոց նախարարության շենքից: Սիդի-Բուզիդ քաղաքում, որտեղ 2010 թ. դեկտեմբերին տեղի էին ունեցել, այսպես կոչված՝ «արաբական գարնան» առիթ դարձած իրադարձությունները, ցուցարարները հրկիզել են իշխող դաշինքը ղեկավարող «Նահդա» («Վերածննդի կուսակցություն») կուսակցության երկու մասնաճյուղ, նավահանգստային Սֆաքս քաղաքում ավերվել է վարչական մի շենք: Ալ-Բրահմիի սպանության պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել: Քաղաքական գործչի հարազատները, սակայն, այդ հանցագործության մեջ կասկածում են «Վերածննդի կուսակցությանը», թեև այդ կուսակցության ղեկավարը՝ Ռաշիդ Գանուչին, իր հերթին՝ հայտարարել է, որ ընդդիմադիր գործչի սպանությունը նպատակ ունի «կասեցնել Թունիսի ժողովրդավարական գործընթացը և ոչնչացնել տարածաշրջանի միակ հաջողված մոդելը, հատկապես՝ Եգիպտոսում, Սիրիայում և Լիբանանում տեղի ունեցող բռնություններից հետո»:
Ալ-Բրահմին «Ժողովրդական շարժում» կուսակցության անդամ էր, որը կոշտ քննադատության է ենթարկում Թունիսի իշխանություններին: Նախագահ Բեն Ալիի տապալումից հետո իշխանության եկած չափավոր իսլամիստները չկարողացան հաջողության հասնել տնտեսական և սոցիալական ոլորտներում, ինչն էլ թույլ տվեց ստեղծել ընդդիմադիր աշխարհիկ կուսակցությունների ամուր դաշինք և պահանջել նոր ընտրություններ, փոխանցում է lenta.ru-ն:
‘