‘Ընդդիմադիր եռյակը չի բացառում հանրահավաքից հետո նստացույց անցկացնելու տարբերակը’

1127

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո, հնարավոր է, ընդդիմադիր ուժերը նստացույց սկսեն: Ոչ իշխանական եռյակի այսօրվա նիստից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ հանրահավաքից հետո եռյակը նստացույց անի, պատասխանեց.

«Ամեն ինչ հնարավոր է, եւ եռյակի մոտ շատ հարցեր այս պահին քննարկման փուլում են»:

Ներկայացնելով այսօրվա նիստի արդյունքները՝ Ռուբեն Հակոբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստի ժամանակ քննարկել են 4 հարց՝ առաջիկա մարզային այցելությունների վերջնական ժամանակացույցը, Կառավարությանը ներկայացրած 12 կետերի վերջնական գնահատականը, որը եռյակը պատրաստվում է ներկայացնել հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ, հանրահավաքի օրակարգը եւ կազմակերպչական այլ հարցեր:

iLur.am-ի հարցին ի պատասխան, Ռուբեն Հակոբյանը նշեց, որ քննարկման փուլում է նաեւ կուսակցությունների առաջնորդների մասնակցության հարցը հանրահավաքին:

Պատգամավորը տեղեկացրեց նաեւ, որ քառյակի առաջիկա նիստին կմասնակցի նաեւ ՀՅԴ-ն: «Կքննարկենք Կառավարությանը ներկայացրած 12 կետերի հարցը»,- տեղեկացրեց Հակոբյանը:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ Դաշնակցության հետ ունեցած հակասություններին, Հակոբյանը նշեց, որ քառյակի ուժերը բազմիցս նշել են, որ դա ամենաէական հարցը չէ:

Նրա խոսքով, Սահմանադրական փոփոխություններ, ինչպիսիք էլ դրանք լինեն, չի կարող իրականացնել մի իշխանություն, որը ամեն օր խախտում է գործող Սահմանադրության բազմաթիվ նորմեր: Հակոբյանի խոսքով, իշխանութունները, մասնավորապես, խախտում են Մայր օրենքի 2-րդ հոդվածը՝ թույլ չտալով, որ ժողովուրդը իրականացնի իր իշխանությունը ձեւավորելու իրավունքը, խախտում են 65-րդ հոդվածը, որով արգելվում է պատգամավորներին զբաղվել ձեռնարկատիրությամբ: «Ո՞նց հավատաս, որ նրանք անկեղծ են», — ասաց պատգամավորը: — Չեմ հավատում, որ իշխանությունները կարող են հրաժարվել իրենց վերարտադրման մեխանիզմներից, որ նրանք կարող են հրաժարվել 41 մեծամասնական մանդատներից, որ թույլ կտան հրապարակել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները»:  

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Հայաստան-Սփյուռք համաժողո՞վ, թե՞ «գլուխարդուկոցի»’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Դեսպան. Փոփոխությունները պետք է վայելեն հասարակության աջակցությունը’