‘
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը երեք ոչ իշխանական խմբակցություների անունից ներկայացրեց ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է ընթացիկ նստաշրջանի ընթացքում կազմակերպել Ընտրական օրենսգրի փոփոխության վերաբերյալ քննարկումներ: Նա նշեց, որ ընդդիմությունը նախորդ գումարման ԱԺ էր ներկայացրել ԸՕ փոփոխությունների նախագիծ, նմանատիպ նախագիծ ունեն ներկայումս նաեւ Կոնգրեսը, ԲՀԿ-ը, նախագիծ ներկայացնելու մտադրության մասին հայտարարել է նաեւ ՕԵԿ-ը:
Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ անհրաժեշտ է ընդունել օրենսգիրք, որը կապահովի անցում 100 տոկոս համամասնական ընտրակարգի, քվեարկությունից հետո անմիջապես քվեարկությանը մասնակցած անձանց անունների հրապարակում, ինչպես նաեւ՝ կմեծացնի կանանց ընտրական հնարավորությունները, կնվազեցնի իշխանության կողմից վարչական եւ ֆինանսական ռեսուրսների չարաշահման հնարավորությունը, կմեծացնի կուսակցությունների դերը ընտրական գործընթացներում:
«Եթե հիմա Հայաստանի որեւէ քաղաքացու արթնացնենք խորը քնից եւ հարցնենք, թե ինչն է, որը իշխանություններին թույլ է տալիս վերարտադրվել, կպատասխանի, որ մեծամասնական 41 պատգամավորները, եթե հարցնենք՝ ինչու՞, կասի, որ մեծամասնական համակարգը հնարավորություն է տալիս կեղծելու, ընտրակաշառք բաժանելու եւ այլն», — ասաց Հակոբյանը՝ նշելով, որ մեծամասնականի 33 տոկոսի «բոնուսը» ՀՀԿ-ին մրցակցությունից դուրս է թողում՝ անիմաստ դարձնելով ընտրությունների միջոցով իշխանափոխության գաղափարը:
Պատգամավորը հիշեցրեց, որ նախորդ գումարման ժամանակ Ժառանգության եւ ՀՅԴ կողմից ստեղծված նախագիծը ստացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Նա նշեց նաեւ, որ նախօրեին Եռյակում քննարկումների ժամանակ, Սերժ Սարգսյանի՝ 12 կետերին կրկին անդրադառնալու մասին հայտարարությանը հավատալու համար պարզ հարց պետք է դրվեր՝ ԸՕ փոփոխության նախագիծը ոչ ճանապարհային քարտեզ է պահանջում, ոչ ֆինանսական միջոցներ:
«Մենք կողմ ենք՝ քննարկելու 12 կետերը, բայց դրա համար եկեք այս փոփոխությունը կատարենք: Եթե իշխանությունը գնահատում է իր խոսքը, թող օգտվի այս հնարավորությունից: Սա լակմուսի թուղթ է: Հակառակ դեպքում, հերթական անգամ ցույց կտաք, որ սա իմիտացիոն գործընթաց է», — ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ օրինագիծը կարելի է ներկայացնել դեկտեմբերի առաջին տասնօրյակին:
‘