‘Ընդդիմությունը Կիևում որոշել է այլընտրանքային իշխանություն ձևավորել’

694

Ուկրաինայի ընդդիմությունը որոշել է Կիևում ձևավորել այլընտրանքային իշխանություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Комментарии»-ն, դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտարարել է «Ազատություն» ազգայնական կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը: «Վաղվանից մենք սկսում ենք Կիևում անկախ իշխանության, Կիևի տեղական ինքնակառավարման ձևավորումը»,- ասել է ընդդիմադիր գործիչը՝ ելույթ ունենալով Մայդանում: Ցուցարարները, ինչպես հաղորդում է  «Интерфакс»-ը, պաշտպանել են այդ նախաձեռնությունը: Թե ինչպես է ընդդիմությունը պատրաստվում իրականացնել այլընտրանքային իշխանության ձևավորումը՝ չի հստակեցվում:

Հիշեցնենք, որ ընդդիմության տրամադրության տակ է շարունակում մնալ Կիևի քաղաքապետարանի շենքի մի մասը, որ նրանք գրավել են դեկտեմբերի 1-ին: «Եվրամայդանի» մասնակիցները տնօրինում են շենքի առաջին և երկրորդ հարկերը՝ դրանք օգտագործելով որպես հանգստյան տարածք:  Քաղաքապետարանի տանիքին, ինչպես հաղորդվել է, բարձրացվել է Եվրամիության դրոշը: Քաղաքապետարանի աշխատակիցներն այդ ընթացքում շարունակում են աշխատել երրորդ, չորրորդ և հիգերորդ հարկերում: Իշխանությունները բազմիցս պահանջել են, որ ընդդիմադիրներն ազատեն շենքը: Երեկ քաղաքապետարան է ժամանել դատական կատարածուն և ընթերցել է դատարանի որոշումը, ըստ որի՝ կողմնակի անձինք (ովքեր չեն հանդիսանում քաղաքապետարանի աշխատակիցներ) պետք է լքեն շենքը: Ընդդիմադիրները դրան արձագանքել են «Ամո՛թ» բացականչություններով:

Վերջին օրերին լուրեր էին տարածվում, թե իշխանությունները մտադիր են ուժով ազատագրել քաղաքապետարանը, սակայն գրոհ այդպես էլ տեղի չի ունեցել, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘1470 աշխատակցից թող 20-ն էլ իմ բարեկամները լինեն. Վանաձորի քաղաքապետ’
Հաջորդ հոդվածը‘Շինարարության պատճառով Սայաթ-Նովա փողոցում փլվածք է առաջացել ‘