‘Ընդդիմությունը և Յանուկովիչի կողմնակիցները Կիևում նոր ցույցերի են նախապատրաստվում ‘

663

Ուկրինական ընդդիմությունը, ինչպես նաև նախագահ Յանուկովիչի կողմնակիցները, պատրաստվում են առաջիկա հանգստյան օրերին նախատեսված հանարահավաքներին Կիևի կենտրոնում:

Ընդդիմադիր «Բատկիվշչինա», «Ազատություն» և УДАР կուսակցությունների ակտիվիստները հայտարարել են, որ կիրակի օրը նախատեսում են մի քանի հարյուր հազար մարդ հավաքել Անկախության հրապարակում: Իսկ իշխող Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ ի պաշտպանություն իշխանությունների՝ իրենց հրավիրած հանրահավաքին մասնակցելու է 200 հազար մարդ, փոխանցում է ria.ru-ն:

Ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունները շաբաթ և կիրակի օրերին լայնածավալ սադրանքներ են նախապատրաստում, «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը հայտարարել է «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը: Ըստ նրա՝ այժմ իշխանությունները շրջաններից մարդկանց են բերում Կիև, որպեսզի «քաղաքացիական բախում» հրահրեն, արտակարգ դրություն հայտարարեն, զորքեր մտցնեն և ցրեն Մայդանը: «Մենք շատ լուրջ տվյալներ ունենք սրա վերաբերյալ, և Յանուկովիչին թույլ չենք տա դա անել»,- ասել է Յացենյուկը:

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները և ուժային կառույցները հավաստիացրել են, որ Մայդանի ուժային ցրում չի լինի, և իշխանությունները չեն քննարկել արտակարգ դրություն հայտարարելու հարցը: Իսկ ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով՝ Եվրամայդանի ցուցարարները պատրաստ են  ընդհուպ մինչև Ծննդյան տոներ չհեռանալ հրապարակից:

 

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ական պատգամավոր. Գործ ունենք Կառավարության կողմից բիզնեսի վրա ուղղակի և բացահայտ ճնշման փաստի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Հրիսթեան ուրախ է, որ Հայաստանում մնացել են քաղաքական կուսակցություններ, որոնք բանավիճում են Հայաստանի եվրահեռանկարների շուրջ’