Որքան էլ Սերժ Սարգսյանը ջանա ապացուցել, թե բանակցային լավ վիճակ է փոխանցել Փաշինյանին, չի կարողանալու։ Ինքն է 2018-ի ապրիլի 17-ին Ազգային ժողովում, երբ վարչապետ էր պատրաստվում դառնալու, հայտարարել, թե «բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է,- ապա ավելացրել է,- կանգնած է, որովհետեւ այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար»,- ապա շարունակել, որ Ադրբեջանի համար «փոխզիջումները նշանակում են միայն զիջումներ Լեռնային Ղարաբաղի կողմից կամ Հայաստանի Հանրապետության կողմից»։
Եթե մտովի 1998 թվական վերադառնանք ու վերհիշենք, թե ինչ էր իրենից ներկայացնում այդ շրջանի բանակցային ընթացքը, թե ուժերի ինչ հարաբերակցությամբ, ինչպես եւ ինչի շուրջն էին պայմանավորվում կողմերը, թե կողմերից որն ինչ էր զիջում եւ վերջնարդյունքում ինչ էր ձեռք բերում, ապա 1998-ին Արցախի հարցը շահարկելով իշխանության եկած գործիչներին, որոնցից մեկն էլ Սերժ Սարգսյանն էր, մեկ հարց պետք է ուղղվի․ ի՞նչ են նրանք 20 տարի շարունակ արել, որ հասել են 2018-ի վիճակին: Այս հարցը նրանք շրջանցում են։ Կլինի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե նրանց մանր ու մեծ արբանյակները, իրենց սխալը չեն ընդունել ու երբեք չեն ընդունելու։
Ո՛չ իրենց մտքում եւ ո՛չ էլ բարձրաձայն չեն խոստովանի, որ 1998-ին սխալվել են։ Ոչ մի դեպքում չեն ընդունի, որ իշխանության գալուց հետո իրենց վարած ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում մեր երկիրն անընդհատ ու բոլոր բնագավառներում նահանջել է եւ չէր կարող 2018-ի սահմանագծին չհասնել, երբ Ադրբեջանն արդեն այնքան էր վստահ, որ Հայաստանից միայն զիջումներ էր պահանջում։
Վարդան Հարությունյան
Շարունակությունը կարդալ՝ այստեղ։