‘Ընդվզումներ Վանաձորում. պատճառը 12 օր բերանը կարած կալանավորն է’

2667

«Վանաձոր» ՔԿՀ-ում արդեն 12 օր բերանը կարած և հացադուլի մեջ գտնվող Շալիկո Մանուչարյանի հարազատներին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանը, ով այցով գտնվում էր Վանաձորում, հանդիպել է Մանուչարյանի ծնողների հետ և  խոստացել, որ այսօր նրանց որդու գործը կներկայացնի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ով և պետք է որոշում կայացնի Մանուչարյանի խափանման միջոցը փոխելու մասին:

Նշենք, որ սա առաջին խոստումը չէ, որ տրվել է Մանուչարյանի ծնողներին. մարզի դատախազի կողմից խոստացվել է խափանման միջոցը փոխել նախ հունվարի 22-ին, ապա՝ հունվարի 24-ին, սակայն մինչև այսօր Մանուչարյանը գտնվում է կալանավայրում: Եւ դա այն դեպքում, երբ առկա են լոռեցի 3 պատգավորների խնդրագրերը,  Վանաձորի ավագանու 21 անդամներից 20-ի դիմումը, ինչպես նաև Վանաձոր քաղաքի մոտավորապես 2000 բնակիչների ստորագրություններով երաշխավորագրերը,  որոնցով  հավաստիացվում է, որ Շալիկո Մանուչարյանը կալանքից ազատվելու դեպքում չի թաքնվի, չի խուսափի հետաքննությունից: Ծնողների, ընկերների փոխանցմամբ՝ իրենք վճռական են տրամադրված և Մանուչարյանի խափան միջոցը չփոխվելու պարագայում պատրաստ են ծայրահեղ քայլերի:

Ուշագրավ է, որ հունվարի 29-ին Մանուչարյանի խափանման միջոցը կալանավորումից գրավի դիմաց ազատումով փոխարինելու խոստման ժամկետը համընկնում է հունվարի 30-ին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի վանաձորյան հանդիպումների ժամանակահատվածին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մանուչարյանի հարազատների շրջանում կարծիք է ձևավորվել, որ ամեն ինչ արվում է՝ միջադեպերը բացառելու համար, քանի որ հակառակ դեպքում՝ քաղաքում տիրող տրամադրությունները կարող են վերածվել բացահայտ ընդվզման:

Հիշեցնենք, որ երեկ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում և դատարանի շենքի մոտ էին հավաքվել Շալիկո Մանուչարյանի ծնողները, հարևանները, բարեկամները, հարազատները, ընկերները, ովքեր պահանջում էին ազատ արձակել Մանուչարյանին, որն արդեն շուրջ 8 ամիս է՝ գտնվում է անազատության մեջ: Մեր տեղեկություններով՝ ակցիան անցել է բավականին լարված իրավիճակում:

Չնայած դրան՝ երեկ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը ևս մեկ ամսով երկարաձգեց Շալիկո Մանուչարյանի կալանքի ժամկետը: Մանուչարյանի հայրը երեկ փորձել է ինքնահրկիզվել, բարեբախտաբար՝ հաջողվել է  կանխել ինքնահրկիզումը: Կալանավորի մայրը պատրաստվում է նստել հացադուլի: Մեր տեղեկություններով՝ 12 օր բերանը կարած Շալիկո Մանուչարյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և կարող է բերել անդառնալի հետևանքների: Չնայած հարազատների ու ընկերների հորդորներին՝ Մանուչարյանը չի քանդում բերանի կարերն ու չի դադարեցնում հացադուլը:

Իսկ, ահա, ilur.am-ի հետ զրույցում քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը տեղեկացրեց, որ Մանուչարյանի վիճակը այնպես չէ, որ տեղափոխեն հիվանդանոց, նա գտնվում է հսկողության տակ և հարկ եղած դեպքում անմիջապես կտեղափոխվի:

Շալիկո Մանուչարյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանի փոխանցմամբ՝ 8 ամսվա կալանավորման ընթացքում Շալիկո Մանուչարյանը չի տեսակցել անգամ դստեր հետ, տեսակցությունները արգելված են, որպեսզի իբր տեղեկատվության շարժ չլինի և չվնասի գործի օբյեկտիվ քննությանը:

Այնինչ փաստաբանն արձանագրում է, որ առանց դրա էլ՝ գործի քննությունը ընթանում է սխալ ճանապարհով.

«Իրավական կողմն այն է, որ անհիմն մեղադրանք է առաջադրված, և առանց բավարար հիմքերի մարդը երկարատև, արդեն 8 ամիս գտնվում է կալանքի տակ: Իսկ փաստական կողմն այն է, որ առանց ապացույցների 2010 թվականին քրեական գործ է հարուցվել, 6 ամիս քննվել, կասեցվել է`մեղադրյալի գտնվելու վայրը անհայտ լինելու հիմքով: Այսինքն` երբ որ նա հայտնաբերվի, պետք է վերսկսեն և արագ ուղարկեն դատարան, որովհետև բոլոր ապացույցները ձեռք բերված են: Բայց մեղադրյալն իր տանը հայտնաբերվում է մայիսի 30-ին, վերսկսվում է վարույթը, 8 ամիս նոր ապացույցներ են ձեռք բերում: Այդ դեպքում, եթե այդ ապացույցները չունեիք, ինչպե՞ս եք մեղադրանք առաջադրել ու հետախուզում հայտարարել»,- տարակուսում է փաստաբանը:

ՀԳ. iLur.am-ը կհետևի իրադարձությունների զարգացմանը և ընթերցողներին կներկայանցի դեպքերի հետագա ընթացքը: 

Լիլիթ Լալայան

Նախորդ հոդվածը‘Եգիպտացիները հեղափոխության տարեդարձը դիմավորել են Մուրսիի դեմ զանգվածային ցույցերով’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» հրաժարվել է Մանոնեին փոխանակել Ստեկելենբուրգի հետ’