‘«Ընկեր Լիլիթը կառատեի փետով խփելա գլխիս». պատմում է գիշերօթիկից փախած Տիգրանը’

1313

Տիգրանը մեկ շաբաթ առաջ փախել էր Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից: ՄԻՊ արձագանքման խումբը նրան գտավ Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումի խանութներից մեկում: «Ընկեր Լիլիթը կառատեի փետով խփելա գլխիս, ու ինքը ինձ միշտ ծեծում ա…դրա համար էլ փախել եմ»,- պատմել էր տղան: Այդ մասին հաղորդում է ՄԻՊ մամլո ծառայությունը:
Ծառայության փոխանցմամբ՝ երեխան անմիջապես տեղափոխվել է ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն: Ավելի ուշ՝ երեկոյան, մորեղբայրը վերցրել է երեխային՝ խոստանալով, որ տանից կվերցնեն փաստաթղթեր և հագուստ և մյուս օրն առավոտյան կվերադառնան: Երկու օր շարունակ մորեղբայրը և երեխայի խնամակալ հանդիսացող պապը տարբեր պատճառաբանություններով խուսափում էին երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ տալ: 
Դեկտեմբերի 21-ին Պաշտպանի աշխատակազմն ահազանգ ստացավ, որ փոքրիկը նորից փողոցում է: Ոստիկանության միջամտությամբ 9-ամյա փոքրիկին գիշերը 1-ի սահմաններում գտան Այգեստան թաղամասում: Երեխան տեղափոխվեց ոստիկանության բաժին, այնտեղից էլ՝ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն: Այժմ երեխայի հետ աշխատում են համապատասխան մասնագետներ: Նա թեև ունի հարազատներ, բայց վերջիններս խուսափում են երեխայի պատշաճ խնամքն իրականացնելուց: 
Հատկանշական է նաև այն փաստը, որ անգործության է մատնված Երևանի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինը, որը կոչված է իրականացնելու երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանություն` երեխայի իրավունքների և շահերի խախտման, երեխայի կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու, կրթության տալու պարտականության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, կամ երեխայի դաստիարակությունից, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից ծնողների խուսափելու, կամ ծնողական իրավունքների չարաշահման դեպքերում: 
Պաշտպանի աշխատակազմը, մտահոգված լինելով այս խնդրով, գրություններ է ուղարկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ոստիկանություն և Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

Նախորդ հոդվածը‘Դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիան նոր վարչապետ է ընտրել’